կանգնած էր գետնի մակերևույթից բավականին բարձր, պարունակում էր իր մեջ մի քանի փոքրիկ սենյակներ, նեղ պատուհաններով, ուր ապակու փոխարեն լուսամուտները պատած էին թղթով։ Պատերը թե ներսից և թե դրսից ծեփած էին սպիտակ կավով, որոնք շատ կոկելուց մի առանձին փայլ էին ստացել։ Խրճթի մեկ մասը բաժանած էր անասունների համար, այնտեղ զետեղված էին՝ ախոռը, մարագը և ոչխարների գոմը։
Մարոն ինձ տեսնելով, մոտ վազեց և հեգնական ժպիտը երեսին, ասաց.
— Տե՛ս, նրանք գնացին, քեզ այստեղ թողեցին, ի՜նչ տղա ես, այսքան էլ կքնե՞ն. կասես թե, շատ ճանապարհ է եկել,— մի օր և կես, այն էլ ձիով,— դրա համար հոգնել է... Ծո՜ւյլ։— Ես ոտով մինչև Բարդողիմեոս գնացի, ինչքան հայրիկն ասաց, ձին չնստեցի, ուխտ էի արած։ Երբ այնտեղ հասանք, չես հավատա Ֆարհատ, ողջ գիշերը չքնեցի, հենց պար էի գալիս և թռչկոտում...։ Ա՛խ, ի՜նչ լավ էր այն գիշերը, ափսոս այնտեղ չէիր, Ֆարհատ։ Ուխտավորները հենց ածում էին, ածում, «ջան գյուլում» ասում, ու խաղում էին մինչև լույս...։
Որքան ինձ ախորժելի էր լսել Մարոյից նրա ուխտագնացության ուրախալի, միևնույն ժամանակ անկապ պատմությունը, այսուամենայնիվ ես անհամբերությամբ նրա խոսքը կտրեցի, հարցնելով, թե ո՜ւր գնացին տղերքը և ինչո՞ւ ինձ թողեցին։
Նա ասաց, թե տղերքը տեսնելով, ես քնած եմ, թողեցին հանգստանալ, իրանք գնացին որսորդության, թե նրանք պաավիրեցին Մարոյին հայտնել ինձ' եթե ես ցանկություն կունենայի մասնակցել որսորդությանը, կարող էի գտնել նրանց Խանա-Սորի ձորի մեջ։
— Կուզե՞ս ասեմ, որ Մըհեն քո ձին թամքե,— հարցրեց Մարոն։— Դու մի բան չե՜ս ուտի, ճանապարհը հեռու է, մինչև խանա-Սորի ձորը, շատ հեռու է, կքաղցես։ Ես հիմա կաթը տաքացրի, սերը քեզ համար պահեցի։ Կուտե՞ս բերեմ։
«Քեզ համար պահեցի»...— այս խոսքերը հնչեցին իմ ականջին, որպես քրոջ խոսքեր իրանց բոլոր անուշահոտությամբ։ Նա դեռ մտերիմ էր ինձ հետ, որպես առաջ, երբ դեռ երեխա էր, երբ իրանց տանից կերակուր էր բերում մեզ, որը բարի որսորդը բաժանում է իր աղքատ դրացու հետ։
— Բե՛ր, կուտեմ,— պատասխանեցի ես։— Ինչո՞ւ հենց «ինձ համար» սերը,— հարցրի հետո։