Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— «Լավ է նոր սատանան, քան հին քահանան»,— ասաց նա ծիծաղելով։

— Կարոն և Ասլանը էլ անյնքան երեսի տեղ չունեն, Սագոն խո զահլա է տանում. ես նրան համբերել չեմ կարող։ Բայց մենք վաղվա ընկերներ ենք, այդպես չէ, Ֆարհատ։

— Ես այդպես չէի մտածում, ես մտածում էի, երբ Մարոն ինձ տեսնեէ կասե, դու իմ ընկերը չես, դու ինձ ծեծում էիր, երբ երեխա էի։

— Ի՜նչ անենք, ես էլ Մարիամին ծեծում էի, մի օր երեսը ճանկռտեցի, արյուն դուրս եկավ. հիմա այնքան ուզում եմ, այնքան ուզում եմ, որ նրան տեսնեմ։ նա հիմա ինձ չի կանչի «բոշա», նա հիմա խելոքացել է, չէ՞, Ֆարհատ։

— Ավելի, քան Մագթաղը։ Բայց դու Մագթաղին շատ էիր սիրում։

— Մագթաղը խեղճ երեխա էր, Մարիամը գազան էր. ա՜խ, աստված, մեկ օր չէր անցնի, որ մենք մեկ մեկու պատահելիս՝ չկռվենք։ Ի՜նչքան հիմարներ էինք մենք.․.։

Վաղեմի հիշողությունները զարթնեցրին նրա մեջ տխուր զգացմունքներ, և ուրախ աղջկա պայծառ երեսը մոայլվեցավ սև թախիծներով։

— Ա՜խ, ի՜նչ լավ էր Սալմաստը, Ֆարհատ, այն այգիները, այն պարտեզները... Այստեղ, այս սարերի մեջ մանր թուփերից ավելի ոչինչ չես տեսնի։ Ա՜խ, ի՜նչ լավ էր այնտեղ։

— Օ՜հ, ես իստակ մոռացա քո նախաճաշիկը...— ասաց նա և վազեց դեպի մերձակա սենյակը։

Ես մտա քնարանը, որ միևնույն ժամանակ տանուտիրոջ հյուրանոցն էր։ Խաթունը, ծերունի որսորդի տնակալուչ պառավը, արդեն հավաքել էր իմ քնաշորերը և սենյակը սարքել էր։ Պառավի հնացած աչքերը չկարողացան ճանաչել ինձ. նա խիստ կարճատես կերպով նայեց իմ երեսին, ինչ-որ փնթփնթաց քթի տակից, և դողդոջուն քայլերով դուրս գնաց։

Քանի րոպեից հետո, փոքրիկ փայտյա մատուցարանի վրա դրած, Մարոն ներս բերավ իմ նախաճաշիկը, որ բաղկանում էր սերից խառն մեղրի հետ. ես սկսեցի ուտել սպիտակ լավաշներով։ Մարոն կանգնած էր իմ մոտ և պտտեցնում էր յուր «թեշին»։ Կարծես, այն գեղեցիկ մատները չէին սովորել անգործ մնալ։

— Ֆարհատ, դու շուտով չես գնա մեր տանից․ այդպես չէ՞,— հարցրեց նա շարունակելով «թեշին» պտտեցնելը։— Ի՜նչ