ծանվում էին բարակ քամուց, որ փչում էր ծովակից։ Ամենահամարձակ այծյամն այնպես թեթև, այնպես հանդուգն չէր կարող թռչել այն քարաժայռերի միջով, որպես Մարոն։ Լեռնային օդը և շտապ ճանապարհորդությունը ազդեցին մանուկ օրիորդի երեսի վրա, և նրա արևից այրված թուխ-թավիշյա քաշերը ստացան մուգ-վարդագույն պայծառություն։
Ես բոլորովին հիացած էի այն կիսավայրենի լեռնաբնակի սիրուն և վայելուչ կազմվածքով, որ այնքան առաձգական էր և թեքուն։ Ես երբեք երևակայել չեմ կարող այնպիսի գեղեցիկ աչքեր, մե՜ծ սևորակ աչքեր, հովանավորված խիտ թերթերունքով, այնպիսի գեղագրական հոնքեր, որոնք միանում էին խոտորնակի գծերով։ Ո՜րքան ինքնավստահություն կար նրա համարձակ շարժվածքների մեջ. ո՜րքան կյանք կար այն բնության ազատ և հավատարիմ զավակի մեջ․․․։ Ես իմ մտքում նրան համեմատում էի գեղեցիկ Սոնայի հետ, որի ամեն մի գծերից արտահայտվում էր ընտանեկան բռնությունից ճնշված և տանջված աղջկա երկչոտ-ամոթխածությունը․․.։ Մե՜ծ տարբերություն․..։
Մի տեղ, ճանապարհի կողքին, կուտակված էր փոքրիկ բլուր, որ բաղկանում էր քարերի մանր կտորներից, հասնելով այնտեղ, Մարոն առեց գետնից մի քար և նետեց նույն բլուրի վրա։ Ես հարցրի այս խորհրդական գործողության պատճառը։ Նա պատասխանեց, թե այս բլուրին ասում են «սիրահարի գերեզման» և պատմեց մի հին ավանդություն, որպես թե, մի տղա և մի աղջիկ միմյանց շատ սիրելիս են եղել, հայրը չէ ուզեցել յուր աղջկան տղային տալ. նրանք միաբանվում են, և տղան մի գիշեր փախցնում է իր սիրուհին։ Հայրն իմանում է, աղջկա ետնեն է ընկնում, և այս ձորի մեջ բռնելով առանց մի խոսք ասելու իր խենջարը խրում է նրա սիրտը և սպանում է։ Տղան այս տեսնելով, չէ կարողանում համբերել իր կսկիծին, և մի ժայռի գլխից իրան վայր է գցում և մեռնում է։— Մարոն ցույց տվեց բարձր ժայռը, որի մոտ նույնպես կուտակված էին մանր քարերի կտորտանք։ — Աղջկան թաղում են այնտեղ, ուր թափվել էր նրա արյունը, իսկ տղային այնտեղ, ուր րնկած Լր նա ժայռից։ Այն օրից նզովք էր դրվել, որ ամեն մի ճանապարհորդ, այնտեղից անցնելով, մի քար գցում է նրանց գերեզմանի վրա, ի նրան այն նախատինքին, որով այն աղջիկը մրոտեց իր հոր և մոր անունր։
— Դու էլ այն աղջկան վա՜տ ես համարում, որ քարկոծում ես խեղճի գերեզմանը,— հարցրի ես: