— Մեկ աղջիկ, որ ուրիշ տղայի ետնեն է ընկնում, այդ վատ չէ՞ — հարցրեց նա պինդ ձայնով։
— Ապա ի՞նչ պետք է անե, երբ սիրում է տղային։ Սիրելն ինչով է վատ։
Նա սկսեց ծիծաղել, որպես թե լսում էր ինձանից մի հիմար խոսք։
— Աղջիկն ի՞նչպես կարող է սիրել տղային, երբ հերն ու մերը ատում են։ Հա՛ թող սիրե, այդ ոչինչ, նրա կամքով խո չէ՞, որ օտարի տղայի ետևից թրև է գալիս։ Ամոթ չէ՞։
Ես ուզեցի հերքել նրա ասածը, բայց նա իմ խոսքը կտրեց, և մի կծու խոժոռմունք գործելով յուր գեղեցիկ երեսի վրա, ասաց.
— Է՜հ, դատարկ բաներ մի՛ խոսի, գլուխս տանում ես...։
նա վազեց առաջ։
Ճանապարհը Մարոյի համար սովորական լինելով, չէր զգում նրա երկարությունը։ Ես համարյա թե հոգնեցա։ Բարձրանալով բլուրի գագաթին, նա կանչեց.
— Դիբո՜, Դիբո՜։
Նրա զիլ և ձգական ձայնը արծաթե հնչյուններով տարածվե֊ցավ հեռու սարերի մեջ։
Հանդիպակած բլուրի ետևից հայտնվեցան մի քանի փոքրիկ կերպարանքներ, որոնք թռչկոտելով և ճիչ բարձրացնելով, վազեցին Մարոյի առաջ։ Դրանք երեք կիսամերկ աղջիկներ էին, այնտեղ արածացնում էին Կ. գյուղի ուլերը և գառները։ Մարոն բաժանեց նրանց հաց և պանիր, որ բերել էր իր հետ։ Փոքրիկ հովվուհիքն ուրախությամբ ընդունեցին առատ նվերը բարերար ձեռքից և իսկույն սկսեցին ուտել։
Ես խոսեցրի մեկին, որին Մարոն կոչում էր Դիբո։
— Ի՞նչ կանես, եթե գայլը քո գառներից մեկը գողանա։
— Սորոն չի թողնի,— պատասխանեց փոքրիկ հովվուհին, խոժոռած աչքերով նայելով իմ երեսին։
— Ո՞ է Սորոն։
Նա փոխանակ պատասխանելու, երեսը շուռ տվեց, և մատները բերնին դնելով, շվացրուց։ Ժայռերի ետևից հայտնվեցավ կապտագույն շուն, որ մազոտ պոչը թափ տալով, վազեց Դիբոյի մոտ և խորին մտերմությամբ սպասում էր նրա հրամանին։ Տեսնելով գազանին, ևս ետ քաշվեցա։