— Մի՛ վախիր,— քաջալերեց ինձ Դիբոն։— Սորոյին կասեմ՝ քեզ չկծե։ Ես ծիծաղեցա։ Մարոն գրկեց ժիրոյին, համբուրեց նրա այրված թշերը։
— Այստեղից մենք կբաժանվենք,— դարձա ես դեպի Մարոն։
— Կուզե՞ս։ քեզ կտանեմ մինչև Խանա-Սորի ձորը,— ասաց նա ուրախ դեմքով։— Վախենում եմ ճանապարհը կորցնես։
Ես պատասխանեցի, թե այդ խիստ դժվար կլիներ նրա համար, որովհետև արեգակն արդեն սկսել էր այրել, և խնդրեցի միայն ցույց տալ, թե ո՞ր կողմից պետք է գնալ։ Նա այնպիսի ճշտությամբ նկարագրեց ճանապարհի րնթացքը, մինչ ես մտածում էի, թե աչքերս խփած կարող եմ գնալ։ Երևում էր, այն լեների բոլոր շավիղները, իրանց պտույտներով, իրանց ելևէջներով նրան ծանոթ էին։ նա գիտեր յուրաքանչյուր ժայռերը, աղբյուները, առվակները։ Նա ճանաչում էր մինչև անգամ նշանավոր թուփերը
Ես հեռացա։ Մարոն երկար կանգնած «Ծակ-քարի» գլխին․ հետազոտում էր իմ գնացքը, մինչև բլուրները թաքցրին իմ տեսությունից նազելի դեմքը։
ԺԷ
ԵՐԿՈԻ ՈՐՍ ՄԻԱՍԻՆ
Արեգակն արդեն բարձրացել էր յուր կեսօրյա տեղը, նրա այրող ճառագայթները, հանդիպելով սարերի հովությանը, թուլանում էին, կորցնում էին իրանց կրակոտ զորությունը։ Քա՞ղցր էր շնչել լեռնային օդը, տոգորված ծաղիկների անուշահոտությամբ։ Անցնելով ամեն մի բլուրից, ամեն մի հովիտից, իմ առջև բացվում էր մի նոր տեսարան, այնքան հիանալի, այնքան հափշտակիչ, որպես մի գեղեցիկ պատկեր իր հրաշալի արհեստագործությամբ։ Ուր և նայում ես, լեռնային երկրի կանաչ մակերևույթը ծածկված է բարձր և դալար խոտերով, նրանց միջից վառվում են ծաղիկների հազարավոր տեսակներն իրանց հրապուրիչ պայծառությամբ։ Տեղ-տեղ խուլ մրմունջով վազում են վտակներ, ամոթխածաբար թաքնված խոտերի մեջ, երբեմն նրանք նազելով ցույց են տալիս իրանց արծաթափայլ երեսիկները, և կրկին ժպտելով ծածկվում են խիտ եղեգնաբույսերի մեջ։ Փոքրիկ ջրային ծտերը