միայն ուրախ֊ուրախ սավառնում են նույն վտակների վրա, և անդադար վերուվայր թռչկոտելով, դիպցնում են իրանց կուրծքը բյուրեղային մակերևույթին, խլելով ալիքների միջից մի անբախտ միջատոր տարվում էր անխնա հոսանքի հետ...։
Աչքս ես դարձնում եմ դեպի Ղուշմանա ձորը, և ահա՛ մերկ քարաժայռի գագաթին դեռ կանգնած են կիսակործան աշտարակները մի հին ամրոցի։ Աշտարակներից մեկի ատամնավոր վերնապարիսպի գլխին միայնակ նստած է ահագին սև արծիվը և լուռ մտախոհությամբ նայում է դեպի խորին անդունդը, որ բացված է նրա առջև։ նա նստած է անշարժ և վեհափառ կերպով, և նրա սրատես աչքերը որոնում են ձորի մթին խորության մեջ ցանկալի որսը․․․
Եվ ակամա հիշում ես հին ավանդությունը՝ արդյոք նա չէ՞ր մի ժամանակ այդ ավերակների տիրապետող հսկան, որ չար կախարդի դյութելով արծվի կերպարանք ստացավ, որ ճնշում էր իր բռնության ներքո ամեն կենդանություն, որ ուր և դնում էր, իր ետևից թողնում էր անապատ և ամայություն...։ Նույն աշտարակի բարձրությունից, ուր այժմ նստած էր արծիվը, ամեն առավոտ մի զոհ գլորվում էր դեպի խորին անդունդը... մի զո՜հ, որից նույն գիշեր խլել էր ամրոցի իշխանը նրա կուսական անմեղությունը...
Այսպես, հափշտակված երբեմն բնության գեղեցկություններով և երբեմն հին ավանդությունների հիշողությամբ, շարունակում էի իմ գնացքը։ Իսկ բոլոր տպավորությունները հետզհետե անհայտանում էին, ես ընկնում էի իմ կախարդական ինքնամոռացության մեջ: Բայց մի բան մոռանալ կարող չէի, մի տպավորություն մնում էր իմ մտքում անջնջելի,— այն էր Մարոյի գեղեցիկ պատկերը։
Բայց մի՞թե նրա մեջ սիրտ կար, ջե՛րմ և սիրող սիրտ, մի՞թե նա զգում էր, թե ինչ բան է սերը...։ Ոչ, նա այդ չէր զգում, նրա հոգու սրբարանի մեջ երբեք չէր վառվել այդ կրակը, եթե ոչ, նա այնպես անգութ կերպով չէր քարկոծի «սիրահարի գերեզմանը»...
Մարոն մի տեսակ ստրուկ էր, որպես Սոնան, նա ճնշված էր ծնողաց բռնակալության ներքո, իսկ Մարոն վաղեմի նախապաշարմունքների, բայց վերջինն ավելի սարսափելի կերպով խեղդում է ամեն մի հոգեկան թարմ և ընդաբույս զգացմունք․․․