«Հա՛, թող սիրե, ասում էր նա, այդ ոչինչ... աղջկա կամքով խո չէ»։
Եվ իրավ, մի՞թե հայ աղջիկը կամք ունի. մի՞թե նա իր զգացմունքների տերն է։
Տարուբերվելով այսպիսի մտախոհությանը մեջ, ես բոլորովին մոռացել էի Մարոյի պատվերը ճանապարհի ուղղության մասին։ Ես հասկացա, որ մոլորված եմ միայն այն ժամանակ, երբ իմ առջև բացվեցավ մի ահագին կիրճ, որից անցնել անհնարին էր։ Ետ դառնալ եկած ճանապարհով չէի կարող, որովհետև ամենևին չէի հիշում, թե ո՞րպես հայտնվեցա այնտեղ, իսկ հառաջ գնալ անկարելի էր։
Ես բոլորովին շփոթվեցա
Արևն արդեն սկսել էր թեքվել դեպի գիշերային մուտքը, երեկոյան ցուրտը հետզհետե դառնում էր անտանելի։ Մի կողմից ես զգում էի հոգնածություն, մյուս կողմից, քաղցը նեղում էր ինձ։ Ո՛րքան երկար պետք է թափառած լինեի ես, որ անցուցել էի այնքան ժամանակ. իսկ Մարոս ասում էր, թե կհասնեմ որսորդության տեղը ո՛չ հետո, քան կեսօրից երկու ժամ անցած։ Իսկ այժմ երեկո էր։ Արևի թեքված ճառագայթները լուսավորում էին սարերի գագաթները միայն, որոնց ստվերը գնալով՝ ընդարձակ և հսկայական տարածություն էր ստանում։
Ես հիշեցի, Մարոն ինձ ճանապարհ գցելու ժամանակ դրեց իմ որսորդական մաղախի մեջ մի շիշ, դուրս բերեցի, նա լիքն էր գինով։ Մաղախիս մեջ գտա և լավաշում փաթաթած սառն միս։ Իմ ճաշն արդեն պատրաստ էր: Նստելով փափուկ խոտերի վրա, ես հագեցրի իմ քաղցը, սպառված ուժերս կրկին վերադարձան, ես բոլորովին հանգստացա։ Այժմ ի՞նչ պետք է անել, դեպի ո՞ր կողմ գնալ — կրկին զարթեցավ իմ մեջ անհանգստությունը։
Աչք ածելով իմ չորեք կողմը, ես հարմար համարեցի վեր ելնել մերձավոր սարի բարձրությունը և այնտեղից դիտել, թե դեպի ո՞ր կողմը կարելի էր գնալ։ Այդ տևեց քառորդ ժամ։ Բարձրավանդակից ես տեսա սարի մյուս կողմում դեպի աջ տարածվում էր մի նեղ տափարակ, որի վրա տեղ֊տեղ նկատելի էին լինում սև և շարժուն կետեր, որոնց ամբողջ հավաքածուն նմանություն էր բերում արածող անասունների նախիրեն։ Այդ տեսարանը խիստ ուրախություն պատճառեց ինձ, ես մտածում էի՝ եթե նրանք հոտեր են, ուրեմն, կունենան իրանց մոտ և հովիվներ, որոնք ցույց կտան ինձ ճանապարհը գոնյա ետ դառնալ Կ. գյուղը: