Այս նպատակով ես սկսեցի վայր իջնել դեպի տափարակը, և բավականին հառաջ գնալով, նկատեցի, որ իմ երևակայությունը խաբել էր ինձ, շարժուն կետերն անասուններ չէին, այլ թուփեր, որոնք տեղ-տեղ ծածկում էին անապատի անհարթ երեսը, որը հեռվից երևում էր որպես տափարակ։
Այժմ ի՞նչ պետք էր անել։ Ես բոլորովին ընկա հուսահատության մեջ։ Ես երկյուղ չունեի, որ գիշերը բացօթյա կմնամ լեռների մեջ, ես երկյուղ չունեի ոչ ցրտից և ոչ գազաններից։ Ես միայն ամոթ էի կրում, իմ հպարտությունը տանջում էր ինձ։ Ես ամոթ էի կրում Մարոյից, որ այնպես հիմարաբար վարվեցա նրա ուղեցուցության հետ։ Ես ամոթ էի կրում ընկերներիցս, որոնք աոաջին քայլից կնկատեին իմ թուլությունները և իմ անընդունակությունը.․․։
Հանկարծ լսելի եղավ մի խուլ որոտմունք, որի արձագանքը կրկնվեցավ հեռավոր լեռների մեջ, նրան հետևեց երկրորդը և երրորդը։ Այժմ պարզ որոշեցի, թե հրացանի ձայներ էին։ Բայց ո՞վքեր էին նետողները։ Ընկերներս չէին կարող լինել, որովհետև իմ գտնված տեղը շատ հեռու էր Խանա-Սորի ձորից։ Ուրեմն, մտածում էի ես, կամ ուրիշ որսորդներ պետք է լինեն, կամ ավազակներ, որոնք թալանում էին ոչխարների հոտեր։ Բայց ինձ համար միևնույն էր, ովքեր լինեին, ես միայն ուրախ էի, որ կհանդիպեմ մարզիկների։
Ես սկսեցի դիմել դեպի այն կողմը, ուսկից լսելի եղան ձայները, որքան մոտենում էի, այնքան պարզ լսելի էր լինում շների խառնաձայն աղաղակը։ Այժմ անտարակույս էի, որ կհանդիպեմ որսորդների։ Բայց մինչև նրանց մոտ հասնելը, պետք էր անցնել մեկ բլուրի վրայով: Դեռ նրա բարձրության կեսին չհասած, որոտաց մի կռնչյուն, և ես տեսա՝ ինձանից քսան քայլ հեռու վաղում էր ահագին ղաբան (վարազ)։ Հրացանս ուսիցս վեր բերելը և նրան արձակելը երկու վայրկյանի գործ եղավ։ Գնդակը թեև դիպավ յուր նպատակին, բայց հարվածը մահաբեր չեղավ, նա անցավ ղաբանի աջ ոտքի ազդրից։ Հրեշավոր կենդանին, ամենևին չզգալով յուր վերքի ցավը, դարձավ դեպի ինձ։ Հարձակմունքը այնքան շուտափույթ եղավ, որ նա ամենևին միջոց չտվեց կրկին լցնել հրացանը։ Ճգնաժամը վճռական էր։ Կատաղի գազանը, բարկացած, հրաբորբոք աչքերով արդեն մոտեցել էր ինձ...։ Ես մի կողմ ձգեցի հրացանը և պատրոնը, որ ձեռքիս ունեի, իմ պաշտպանության միակ զենքը մնաց խենջարս, որ նույն ակնթարթում