բնակիչները չէին վայելում բախտի առանձին բարիքները, և կարելի է ասել, որ նրանք մեծ մասամբ աղքատներ էին։ Չնայելով դրան, նրանց առևտուրը բավականին լավ էր գնում, մանավանդ որ խանութպանները հավատարմություն ունեին դեպի իրանց մուշտարքը և շատ անգամ վաճառքը թողնում էին անվճար։ Իսկ այդ կրեդիտն էժան չէր նստում գնողներին, որովհետև նրանց սարսափելի կերպով ծանրաբեռնում էին ոչ միայն ապրանքի գների մեջ, այլև տոկոսների մեջ, որ բազմապատկում էին պարտամուրհակ առնելու միջոցին։— Այդ մի ընդհանուր կանոն է ասիական մանրավաճառության մեջ։ Այդ եղանակով իրանց գործը վարելու հետևանքն այն եղավ, որ շատ չտևեց պարոն Ք…ի դախլը լցվեցավ զանազան պարտամուրհակներով և նրանց թվում ավելացան արծաթի և ոսկու բաներ, որոնք դրված էին նրանց մոտ որպես գրավներ։ Այդ այն ժամանակն էր, երբ մարդիկ նահապետական պարզամտությամբ մտածում էին, թե փողի պարտքը մարդու հոգու պարտքն է, եթե այս կյանքումը չվճարվի, մյուս կյանքում սատանաները նրա մարմնի մսից կկտրեն և պարտատիրոջը կտան։ Նրանք ունենալով մի այդպիսի պարզամիտ, միևնույն ժամանակ բարոյականության մաքրության պահպանած ամբոխի հետ առևտուր, շատ հազիվ էր պատահում, որ կորուստ ունենային իրանը ապառիկների մեջ։
Քանի տարի նրանց առևտուրն այդպես շարունակվելուց հետո նրանք բաց արին մի նոր խանութ բազարի ամենալավ մասումը, ուր նրանց ապրանքի թվում այժմ չէր գտնվում շիլա, կտավ և ո՛չ սոխ կամ կոնֆետ, այլ ամբողջ խանութը լցված էր մանուֆակտուրայի ընտիր տեսակներով։— Այդ մի քայլ էր, որով նրանք ոտք դրեցին հարստության մի որոշյալ աստիճանի վրա։
Շատ չանցավ, երկու եղբայրներն այնպես ընդարձակեցին իրանց առևտրական շրջանը, որ փոխանակ երկրորդական ձեռքերից գնելու իրանց վաճառքը, սկսան ուղղակի հարաբերություն ունենալ Մոսկվայի ֆաբրիկաների և նշանավոր առևտրական տների հետ։ Իրանց գործավարության մեջ նրանք այնքան ճիշտ էին, որ շուտով ստացան մեծ վարկ, որով գրավեցին մոսկվացիների համարումը դեպի իրանց հավատարմությունը։ Այդ առիթ տվեց նրանց մեծ գումարների ապրանք գնել անվճար, վեց ամիս, մի տարի, կամ ավելի ժամանակներով։ Չնայելով, որ նրանց գործը միշտ հաջողակ էր դնում, հայտնի չէ ի՛նչ հրաշքով նրանց մեծամեծ խանութների ապրանքները հանկարծ անհետացան, և նրանք դադարեցրին իրանց առևտուրը․․․ Մենք չենք ուզում մտնել այդ երեվույթի