թարթում խրվեցավ ղաբանի կողքում։ Նա արձակեց մի սարսափելի հառաչանք, բայց դարձյալ չկորցրուց իր զորությունը։ Նա փորձ փորձեց գործ դնել իր դուրս ցցված ժանիքները, բայց հարվածն անցավ անհաջող, որովհետև ես կայծակի արագությամբ սաստիկ թռիչք գործեցի դեպի գազանի զավակը, և նույն րոպեում խենջարիս երկրորդ զարկը խիստ խորին կերպով անցավ նորա փորի մեջ։ Նա դեռ սարսափելի ընդդիմադրության պատերազմում էր։ Այդ մահու և կյանքի զարհուրելի տագնապի միջոցին, ինձանից ոչ այնքան հեռու, որոտաց մի հրացան. գնդակն անցավ ուղղակի որսի գլխի մեջ. վիթխարին մի քանի անզոր շարժումներ գործեց և գլորվեցավ գետին...
Ես ետ նայեցա, տեսնում եմ՝ Մալան, հրացանը ձեռին, հեռու կանգնած, ժպտում էր...
Ո՛վ կարող էր պատմել իմ ուրախությունը։ Ես բոլորովին թաթախված արյան մեջ, վազեցի նրա մոտ, և ղրկելով իմ ազատիչը, պի՜նդ ճնշեցի քաջազնական կուրծքը իմ սրտի վրա...
Մարոն պատմեց, թե բաժանվելով ինձանից, նա իսկույն չդարձավ դեպի գյուղը, այլ բարձրանալով «Ծակ-քարի» գլխին, այնտեղից հետազոտում էր իմ ուղևորությունը։ նա տեսավ, դեռ ճանապարհի կեսը չհասած, ես խոտորվեցա ուղիղ շավիղից, որ տանում էր դեպի Խանա-Սորի ձորը։ Նա իսկույն վազեց իմ ետևից, միգուցե ես բոլորովին մոլորվեի լեռների մեջ։ Մի քանի Ժամ նա կորցրեց ինձ իր տեսությունից, և երկար որոնելով, կարողացավ գտնել այնտեղ, ուր հայտնվեցավ ղաբանը։ Նա շատ անգամ կանչեց ինձ, զգուշացրեց, բայց ես տաքացած լինելով պատերազմի խռովության մեջ, չկարողացա լսել նրա ձայնը։ Եվ իմ առաջին անհաջող նետումից հետո, երբ ես մի կողմ ձգեցի հրացանը և պատրոնը, նա օգուտ քաղեց այդ դեպքից, իսկույն լեցրուց հրացանը նույն պատրոնով, իսկ հետևանքը՝ արդեն հայտնի էր։
Այս խոսակցության միջոցին մենք չէինք նկատում, որ չորս հոգի կանգնած բլուրի գագաթին, դիտում էին այն տեսարանը, որ հանդիսացավ քանի րոպե առաջ։ Նրանք մոտեցան մեզ․ մեկը որսորդ Ավոն էր, մյուս երեքը՝ իմ ընկերներն էին։ Ծերունին առեց յուր գրկի մեջ ինձ և իր դուստրը, համբուրելով ասաց.
— Դուք երկուսդ էլ արժանի եք որսորդ Ավոյի որդիք կոչելու…