ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅԱՆ ԽՆՁՈՐԸ
Լեռների մերկ գագաթները պատեց երեկոյան ստվերը, իսկ ձորերի մեջ լույսը հետզհետե աղոտ գույն էր ստանում, միայն ոսկեգույն ամպերը, որոնք ահագին բեկորներով գլորվում էին օդի բարձրության մեջ, դեռ արտափայլում էին հանգչող արեգակի վերջին ճառագայթների ծիրանի շառավիղներով:
Գեղեցի՜կ երեկո էր, լեռնային երեկոների այն ժամը, երբ քա՜ղցր հնչում են հովիվների երգերը, երբ ախո՜րժ է լսել արոտից դարձող ոչխարների խառնաձայն բառաչմունքը և ձիերի երամակների ուրախ խրխինջը, որոնք կայտռելով վազում են դեպի իրանց գիշերային օթևանը: Նույն ժամուն թեթև քամին նազելով քսքսվում է քո երեսին և բարակ մելոդական հնչումներով մրմնջում է` «շնչի՛ր լի կուրծքով անուշահոտությունը, որ ես խլել եմ հազարավոր ծաղիկներից»:
Բայց ինձ զգալի չէին այս ձայները, ես չէի լսում ոչ զեփյուռի մեղեդին և ոչ հովվի երգը, ինձ գրավել էր միայն Մարոն, միշտ նրան էի տեսնում և նրա ձայնը լսում, թեև նա ամենևին չէր խոսում:
Մեր վերադարձը դեպի Կ. գյուղը տևեց բավականին երկար, որովհետև այժմ բոլորովին այլ ճանապարհով էինք գնում: Մութը վաղուց պատել էր, և ամառային գիշերի աստղերը վառվում էին հիանալի փայլողությամբ:
Խոսակցության առարկան նույն ավուր որսորդությունն էր. ծերունի Ավոն հանաքներով ծաղրում էր Ասլանի և Սագոյի անճշտությունը, որոնց երկուսի նետումները ղաբանը սպանելու համար անցել էին իզուր: Սագոն աշխատում էր յուրյան արդարացնել զանազան պատճառներով. իսկ Ասլանը ոչինչ չէր պատասխանում, նա ընկած էր, որպես երևում էր, խիստ տխուր մտատանջության մեջ: Սովորականից ուրախ էր Կարոն. նա խորին եղբայրական բարեսրտությամբ ձեռքը դրեց իմ ուսին, ասելով.
– Դու առանց սրտի չես, Ֆարհատ, քեզանից մի բան կդուրս գա…
Մարոն գնում էր մեզանից առաջ յուր հոր հետ: Նա բոլորովին լուռ էր. կարծես, նրա հպարտությանը ընդդեմ էր լսել այն գովեստները,