Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք թափում էին նրա վրա. և կամ նա չէր ուզում հիշեցնել, թե որպիսի դժվար դրությունից ազատեց ինձ. նա աշխատում էր, որ այդ դեպքի վրա խոսացվի որքան կարելի է սակավ։

Ես բավականին ետ մնացի իմ ուղեկիցներից, խոսում էի Կարոյի հետ։ Սագոն մոտեցավ մեզ, և առանց որևիցե առիթի մեր կողմից, որպես ինքն իրան խոսելով ասաց.

– Զարմանալի՛ է այդ բախտ ասած բանը, ասում են, նա մի հրեշավոր կնիկ է, երկու երես ունի, մինը առջևից, մյուսը ետևից։ Առջևի երեսը թարմ և գեղեցիկ է՝ միշտ ժպտող աչքերով, նրանցով նայում է իր սիրելիներին միայն։ Ետևի երեսը հնացած է, լի խորշոմներով, որպես մի զզվելի պառավի դեմք. մի հատիկ աչք միայն ունի մռայլոտ ճակատի վրա, այն ևս կույր…։ Նա մի՜շտ դարձնում է դեպի ինձ այդ չարանենգ դեմքը իր սարսափելի խորշոմներով, և ես միշտ լսում եմ նրա ցամաք և գունաթափ շրթունքների միջից այդ խոսքերը՝ «Դու ինձանից ոչ մի բարիք մի՛ սպասիր»…

Նա րոպեական լռությունից հետո շարունակեց, իսկ այժմ ավելի խռովյալ ձայնով.

– Ասում են՝ մեր ժամանակներում հրաշքներ չեն լինում, հրաշք չէ՛, բա ի՞նչ զահրումար է, միանգամից – երկու որս…

Այժմ հասկացա, որ կիսախելագար Սագոյի խոսքերը կծու ակնարկություններ էին դեպի ինձ և դեպի Մարոն։

– Ի՞նչ ես ուզում ասել,– հարցրի ես։

Նա պատասխանեց ավելի վրդովված կերպով.

– Հա՛, երկու որս, մինը ղաբանը, մյուսը՝ Մարոյի սիրտը…

Նա արտասանեց այս խոսքերը այնպիսի մի հանգով, որ իսկույն գրգռեց իմ բարկությունը։ Նա առանց ուշադրություն դարձնելու, շարունակեց.

– Ախար Մարոն էլ փոքր ղաբան չէ… նրան որսալը՝ ահա այդ է քաջությունը։

– Եթե դու կշարունակես այսպիսի հիմարություններ դուրս տալ, դու կդառնաս երրորդ որսը…– ասեցի ես և արդեն մերկացուցած խենջարը իմ ձեռքումն էր։

– Մի՞թե արժե կռվել այն վայրենի կատվի համար,– մեջ մտավ Ասլանը, որ նույն րոպեին մոտեցավ մեզ։

– Աա՛, երևի քե՞զ էլ է ճանկռոտել…– դարձա ես դեպի Ասլանը ավելի բարկությամբ։