Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Իմ հին ոսկորներն էլ չեն դիմանում գիշերվա ցրտին, ես կերթամ տուն ձեզ համար գինի ու հաց կուղարկեմ, խորովածի համար միս ունեք. իմ կենացն էլ կխմեք, խոսք չկա։ Հասո, լավ պատվիր հյուրերիդ։ Գնանք, Մարո։

Նրանք դեռ չէին բաժանվել մեզանից, երբ Մարոն մոտեցավ ինձ և հազիվ լսելի ձայնով շշնջաց իմ ականջին։

– Դու կմրսես, Ֆարհատ, այստեղ ցուրտ է լինում. ես տանից քեզ համար քնելու շորեր կուղարկեմ։

Գիշերային մթության մեջ ոչ ոք չնկատեց մեր խոսակցությունը, ես շնորհակալություն արեցի օրիորդին նրա բարեսրտության համար, և հայտնեցի՝ թե ես փոքր-ինչ սովորած եմ առանց ծածկոցի ևս քնել, որովհետև մեր տանում երբեք անկողին չեմ ունեցել, իմ վերմակը եղել է հորս մաշված վերարկուն, իսկ դոշակս՝ սառն հասիրը։

– Դու ղոչաղ տղա ես, Ֆարհատ, դու չես մրսի,– ասաց նա ուրախ ձայնով, և իր ձեռքով մի թեթև զարկ տալով իմ ուսին, փախավ ինձանից, երբ երկրորդ անգամ խավարի միջից լսելի եղավ ծերունի որսորդի ձայնը.

– Ո՞ւր ես, Մարո, գնա՛նք, բալաս։

Հասոն իսկույն վառեց ահագին խարույկ տաղավարի առջև, չոր փայտերը բորբոքվեցան, և լույսը տարածվեցավ հեռու մեր շրջակայքում։ Այն ժամանակ միայն կարողացա լավ տեսնել վաղեմի ընկերիս — Հասոյի — վերանորոգված կերպարանքը, որը վարժատան կյանքից հետո այնքան շատ փոփոխությունների էր ենթարկվել։ Մաշված և ուժից ընկած «էշի փալանը»,— որպես կոչում էին նրան — այժմ առողջ և խիստ ժիր տղա էր դարձել։ Ահա՛ ի՞նչ է նշանակում տերտերի այբ-բենը և երկրագործությունը… առաջինը մաշեց տրորեց նրա մանկությունը, առանց որևիցե մտավոր սնունդ տալու նրա գլխին… իսկ վերջինը վերանորոգեց նրա սպառված ուժերը և լեցրուց ծերունի հոր տունը հացով…։

Իսկ այս կոշտ-կոպիտ մշակի մեջ չէին երևում ոչ հոր բարեսրտությունը և ոչ քրոջ աշխուժությունը։ Հասոն, եթե կարելի է այսպես կոչել, խստասիրտ և մռայլոտ արարածներից մեկն էր։ Բոլոր ժամանակը նա մի քանի անգամ միայն խոսեց ինձ հետ, և նրա խոսքերը խիստ կարճ և անգույն էին։ Սագոն խիստ ճշտությամբ նկատեց՝ թե «Հասոն քաղցրախոս է միայն իր եզների հետ, որոնք նրա արորը քաշում են»։ Այսուամենայնիվ, ես միշտ համակրությամբ էի վարվում նրա հետ, որովհետև նա Մարոյի եղբայրն էր…

Գյուղը շատ հեռու չէր ագարակից, մենք շուտով ստացանք ծերունի որսորդի խոստացած պաշարը՝ առատ գինի և հաց։ Ղաբանի մսից պատրաստված խորովածները արդեն եփված էին,