Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկույն կազմվեցավ ընթրիքի սեղանը։ Տղերքը չափազանց սոված ինելով, նստեցին ուտելու, ես հրաժարվեցա սեղանից, հայտնելով, թե ախորժակ չունիմ և ինձ ոչ այնքան առողջ եմ զգում։ Եվ կերավ, գլուխս սաստիկ ցավում էր, և ճանապարհի անախորժ անցքից հետո ես գտնվում էի մի տենդային գրգռման մեջ, որ գնալով, ավելի և ավելի վրդովում էր ինձ, քանի մտաբերում էի իմ անպատշաճ վարմունքը Ասլանի և Սագոյի հետ։ Իսկ նրանք, կարծես թե, մոռացել էին բոլորը, և ոչ մի կերպով, և ոչ մի թեթև ակնարկությամբ անգամ չէին հիշեցնում անցածը, այլ ընդհակառակն, պատմում էին Հասոյին՝ իմ և Մարոյի կռիվը ղաբանի հետ, և գովասանում էին մեր քաջասրտությունը։ Իսկ նրանց մի այսպիսի ներողամտությունը ավելի ծանր էր ինձ համար. ինձ բոլորովին վիրավորական էր թվում վշտացնել մեկին, և առանց փոխադարձ բավականություն տալու, վայելել նրա ներողամտությունը։ Այդ մի տեսակ ողորմություն էր, իսկ ողորմություն խնդրել ես չէի ուզում։

Ընթրիքի սեղանը կազմվել էր տաղավարի մեջ, տղերքը հավաքվել էին այնտեղ, ես պառկել էի տաղավարից դուրս խոտերի վրա, մի քանի քայլով միայն հեռու նրանցից, այնպես որ, նրանց խոսակցությունը լսելի էր ինձ։

— ճշմարի՞տ, հիվանդ է նա,— հարցրուց Հասոն:

— Չէ՛, նա որրիշ փորացավ ունի...— պատասխանեց Սագոն և մոտեցավ ինձ, գինով լիքը երկու բաժակներ ձեռին, և երգելով մի գեղեցիկ երգ։ Տաղավարի միջից միաձայն հնչեցին ամբողջ Խորով նրա շարունակությունը։

Գիշերային լռության պահուն, երկրագործի մենավոր տաղավարի մեջ, մանկահասակ պատանիների ջերմ և անկեղծ սրտերից դուրս բխած հնչյունները այնքան հոգեշարժ և ոգևորիչ էին, որ ներգործեցին իմ վրա ընկերասիրության բոլոր սուրբ և կենսագործող զորությամբ։ Իմ սիրտը լցվեց մի սրբազան խաղաղությամբ, և դադարեց մրրիկը, որ այնպես սաստիկ կերպով խռովում էր ինձ։ Ես չկարողացա պահել իմ արտասուքը, և ընդունելով Սագոյի ձեռքից բաժակը, միասին մոտեցանք խմբին։ Նրանք նույնպես