պես մի-մի բաժակ ձեռքերին, կանգնած, բոլորել էին սեղանի շուրջը։ Կարոն խիստ հանդարտ և ծանր եղանակով կարդաց մի փոքրիկ ճառ։ Բայց նրա խոսքերը, որոնք այնպես ազդու և զորեղ կերպով դուրս էին հոսում, մինչ այն աստիճան ներգործեցին իմ վրա, որ ես մինչև այսօր չեմ մոռացել, թեև այն օրից անցել է հիսուն տարի, այո′, հիսուն տարի, դա քիչ չէ․․․
«Սիրելի′ ընկերներ, մենք այն ազգի որդիքն ենք, որ զրկվելով հայրենական հողից, ցրված է աշխարհի զանազան անկյուններում։ Մենք մի այնպիսի ժողովրդի ծնունդ ենք, որ ապրում է մի երկրում, ուր նրա խրճիթի օջախը շատ քիչ անգամ տաքանում է կրակով, որովհետև նա վառելիք չունի, որի տան մեջ լույս չկա արևը մտնելեն հետո, որովհետև նրա ճրագի յուղը վաղուց սպառվել է, որի որդիքը գիշերը քաղցած են քնում, որովհետև նա տանը հաց չունի։ Արևն այրում է նրա զավակների մարմինը, ցուրտը սառեցնում է, անձրևը թրջում է, որովհետև նրանց հագուստներն այնքան քրքրված են, որ չեն կարողանում պահպանել անբախտներին եղանակների խստությունից։
Իսկ այդ ժողովուրդը ծույլ չէ․ նա անդադար աշխատում է, նա աշխատում է ավելի, քան թե կներեր մարդի ուժը։ Նրա կինը, նրա աղջիկը, նրա փոքրիկ երեխաներն անգամ գործակից են լինում գերդաստանի հոր աշխատությանը։ Դուք տեսել եք կանայք, որոնք հնձում են արտերը, և իրանց հունձը, իրանք շալակած, բերում են կալը ծեծելու համար։ Դուք տեսել եք աղջիկներ, որոնք մեծ եռանդով մաքրում են մշակության ցանքերը ավելորդ խոտաբույսերից։ Դուք տեսել եք երեխաներ, որոնք արորի լծերի վրա նստած, քշում են եզները և օգնում են հոր գործին։
Այո′, այդ ժողովուրդը ծույլ չէ, նա աշխատում է, նա ամբողջ տարին հանգստություն չունի, բայց դարձյալ ապրում է աղքատության մեջ, դա՜ռն, ցավալի աղքատության մեջ…
Ի՞նչ է պատճառը։
Հողը, որի վրա նա ապրում է, թեև մի ժամանակ իր նախնիքներին էր պատկանում, բայց այժմ դարձել է օտար աղաների սեփականությունը։ Նա մշակում է օտարի հողը։ Իսկ աղայի պայմանները մշակի հետ այնքան ծանր են և անշահավետ, որ նրա երկրագործության բերքը և նրա վաստակը մեծ մասամբ վայելում է կալվածատերը․ մշակի համար մնում է այնքան, որով չէ կարողանում յուր կենսական ամենաանհրաժեշտ պիտույքներին անգամ բավականություն տալ։