Գյուղացու կեցության մյուս պայմաններն ևս դրա նման են։ Նրա խրճիթը դրվում է աղայի հողի վրա, նրա համար հարկ է վճարում։ Նրա անասուններն արածում են աղայի արոտներում, նրանց համար հարկ է վճարում։ Ինքը գյուղացին, նրա ընտանիքը ապրում են աղայի հողի վրա, այնտեղ ման են գալիս, նրա ջուրն են խմում, և իրանց գլուխներն պահպանելու համար հարկ են վճարում։ Մի խոսքով, գյուղացին, բացի իր աշխատող ձեռքերից, ուրիշ ոչինչ չունի, նրան շրջապատող ամբողջ բնությունը պատկանում է աղային, և նրա մեջ գործելու համար նա պետք է զոհե իր աշխատության ամենամեծ մասը։
Ահա՛, այդ է պատճառը, սիրելի ընկերներ, որ մեր ժողովուրդը, հայրենի հողի վրա սնունդ չգտնելով, գաղթում է, անդադար գաղթում է և օտար երկրներում բախտ է որոնում։ Բայց դառնո՞ւմ են գաղթականները։— Ո՛չ։ Դուք գիտեք, քանի՛ հազարավոր ընտանիքներ մնացել են առանց տղամարդերի, քանի հազարավոր օջախների կրակը հանգել է, որովհետև տղամարդիկը մեռել են պանդխտության մեջ...
Մենք, որ բոլորել ենք այս սեղանի շուրջը, դուրս ենք եկել նույնպիսի ընտանիքներից, մեր մեծ մասը հայր, մայր, տուն, ազգականներ չունի,— բոլո՜րը կորած են անհայտության մեջ։ Ուրեմն, մեզ ավելի հասկանալի է, թե ի՛նչ է կրում այս երկրում մշակ մարդը, որովհետև մենք երեխայությունից փորձել ենք այն ամեն դառնությունները, որովհետև մեր ամեն մեկի սրտում դեռ մնացել են անբժշկելի այն վերքերը, որ ստացել ենք բռնության կոպիտ ձեռքից։
Ընտանիքը չկարողացավ մեզ, յուր որդիներին, այնպես դաստիարակել, այնպիսի մի ուղղություն տալ, որ ձգեինք մեր վզից աղայի լուծը, և ազատ մնայինք նրա հարստահարություններից։ Նա չկարողացավ մեզ սովորեցնել կյանքի և ապրուստի հաստատ պայմանները, որ մեզ համար աշխատեինք, մեզ համար գործեինք, և մեր վաստակը օտարը չխլեր մեր ձեռքից։ Ընտանիքը չկարողացավ այդ անել, որովհետև ինքը ստրկացած էր, և ավելի ցավալին այն է, որ ստրկությունը դարձել էր նրա մեջ բնավորություն։ Նա չէ՛ր բողոքում բռնության դեմ։ Նա մտածում էր՝ թե աստված հենց այսպես ստեղծել էր նրան, թե նա գոհ պետք է լինի իր վիճակից, որովհետև ճակատագրից մի տառ անգամ փոխել կարող չէ...
Դպրոցը, որի աշակերտներն ենք այստեղ կանգնածներս,