Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավելի հաստատեց մեր մեջ ստրկությունը. դպրոցը սպանեց մեր մեջ ինքնագործունեության ուժերը։ Քահանա վարժապետը մտցրուց մեր մեջ կույր հնազանդություն,— խոնարհվել և հպատակել ամեն իշխանությունների, որքան ծանր և անտանելի լիներ նրանց մեզ վրա դրած լուծը։ Որովհետև ինքը վարժապետը նույնպես էր վարվում մեզ հետ։ Նա ասում էր մեզ՝ թե այս աշխարհի կյանքն ունայն և անցավոր է. որքան ցավալի լինի նա, որքան ճոխ լինի նա տանջանքներով, այնքան ավելի վարձատրություն կգտնե մարդ մյուս կյանքում, որ սպասում է մեզ գերեզմանը մտնելուց հետո…

Բայց գտնվեցավ մի ձեռք, որ խլեց և դուրս բերեց մեզ դպրոցի բարոյապես և մտավորապես փտեցնող մթնոլորտից։ Նա կանգնեցրուց մեզ ուղիղ ճանապարհի վրա։ Նա սովորեցրուց մեզ կյանքի այն պայմանները, որոնցմով կարող է մարդ հանգիստ և ապահով ապրել։ Նա սովորեցրուց մեզ օգնել և մեզ նման անբախտներին, որ նրանց կյանքն էլ հանգիստ լիներ, որ նրանց ապրուստն էլ ապահոված լիներ։— Եվ մենք նվիրեցինք մեզ ժողովրդի բարօրության գործին…

Խմենք, եղբայրներ, այն մարդու կենացը, որ մտցրուց մեր մեջ այդ ոգին, խմենք այն գործի հաջողության համար, որը մեր սուրբ ուխտն է»։

Բաժակները զարկվեցան մեկ մեկու և խմեցին որսորդ Ավոյի կենացը, բոլորը միաձայն գոչելով՝ «կեցցե՜ բարի գործը»․․․

ԺԹ

ԵՐԱԶ

Դարձյալ նույն հին երգը, մտածում էի ես Կարոյի ճառը լսելու միջոցին— նույն երգը, որ նա երազում էր տասն և երկու տարի առաջ գյուղացիների և նրանց աղքատության մասին։

Կարոյի և նրա կուսակիցների նպատակը թվում էր ինձ ոչ միայն անգործադրելի, այլ որպես ցնորք, որպես հիվանդոտ երևակայության զառանցություն։ Միթե կարելի՞ է գյուղացուն հանգստություն տալ, ազատել նրան աղայի ճանկերից, որի մեջ կա այնքան ուժ, որը վայելում է այնքան արտոնություններ։ Եվ ինչո՞վ, ո՞րպես ապահովել մշակի ապրուստը, երբ ոչ մի օրենք չէր սահմանափակում աղայի կամայականությունը․ երբ կառավարության ֆիրմաներն ևս մնում էին անզոր և չէին կարողանում աղաների