Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բռնության առաջն առնել։ Ես գիտեի հարյուրավոր օրինակներ, որ ժողովրդի բարօրության մասին շնորհած արքունի ֆիրմաները մնում էին անգործադրելի. խաները և բեկերը Բարձրագույն Դռան հրովարտակը ստիպեցնում էին բերողին ծամել և կուլ տալ, կամ պատռելով և ծեծելով բերողին, այնպես ճանապարհ էին դնում նրան, ասելով՝ «գնա՛, թագավորիդ խաբար տա՛ր»։ Եվ այսպիսի գազանները, որոնք ժողովրդի արյունն էին ծծում, առանց խոնարհվելու որևիցե իշխանության, մնում էին միշտ անպատիժ։

Այժմ Կարոն, ոգևորված մի մոլի եռանդով, յուր անձնազոհ ընկերների հետ, աշխատում էին հեղափոխել հին դրությունը, աշխատում էին փշրել ստրկության շղթաները, որոնք դարբնվել էին այնքան շատ դարերով։ Եվ ինչո՞վ, ո՞րպես…

Ինքը Կարոն խիստ ճիշտ նկատեց իր ճառի մեջ՝ թե «ստրկությունը դարձել է ժողովրդի մեջ բնավորություն»։ Մի՞թե հեշտ է փոխել բնավորությունը, դարերով ամբոխի հոգու մեջ արմատացած բնավորությունը։ Ի՞նչ օգուտ, երբ մի քանի եռանդոտ անձինք զարթել էին, հասկանում էին ժողովրդի չարն ու բարին, աշխատում էին դարման տանել նրա խղճություններին,— երբ այդ մի քանի անձանց բոլոր ջանքերը կորչելու, ոչնչացնելու էր ընդհանուր անտարբերության մեջ։ Նրանց բարբառը լինելու էր անապատում հնչող ձայն, և նրանց գործակցությունը, որպես մի համերաշխություն գերեզմանատան բնակիչների հետ, չէր հասնելու որևիցե օգտավետ վախճանի։ Կարոն ինքը շատ լավ գիտեր այդ, որ ամբոխը գտնվում էր այն վիճակում, ինչ վիճակում լինում են խելագարները կամ հարբածները. նրանք ընկնում են ցեխերի մեջ ամենևին չեն նկատում իրանց կեղտոտությունը. նրանք իրանց գլուխը պատերին են զարկում և ամենևին ցավ չեն զգում, թեև ճակատից արյուն էր հոսում․ նրանք փողոցներում թավալված ժամանակ՝ ամեն անցնող երեխան ոտքով խփում է, թքում է նրանց վրա, բայց նրանք հանգիստ պառկած են և վիրավորանք չեն զգում։ Կարոն գիտե՜ր այդ բոլորը։ Նա գիտեր, որ ժողովուրդը տանջվում էր նյութապես, ուտելու հաց չուներ և հագնելու հագուստ, բայց համբերում էր։ Նա գիտեր, որ ժողովուրդը տանջվում էր բարոյապես․ շատ անգամ նրա կինը, աղջիկը, տղան զոհվում էին աղայի կրքերին, բայց նա համբերում էր… Համբերում էր, որովհետև իր թշվառությունը, իր անպատվությունը չէր համարում կարգից դուրս բաներ, այլ մտածում էր՝ թե այլ կերպ լինել կարող չէր, թե ինքը հպատակ է, թե աղան ինչ որ ուզե, այն պետք է անե…։