խորին գաղտնիքների մեջ և ոչ նրա պատճառները քննելու նպատակ ունենք, միայն կասենք, որ ավագ եղբայրը՝ պարոն Ք... դիմեց դեպի Մոսկվա, հայտնեց պարտատերերին իրանց դժբախտությունը, և մեկ ռուբլու փոխարեն 20 կոպեկ վճարելով, ազատեց յուր պարտամուրհակները։ Այդ անցքն եղավ այնպես աննկատելի կերպով, որ նրանց քաղաքացիք ոչինչ չհասկացան, որովհետև այնտեղ նրանք պարտքեր չունեին։
Եվ քսան տարի չէ անցկենում, յուր խանութում պղպեղ և լոբին կոնֆետի հետ ծախող մանրավաճառի քսակից միլիոնների ձայներ են լսվում...
Այժմ դառնանք դեպի այն թշվառ արարածը, որին մենք թողեցինք դահլիճի անկյունում։ Դա պարոն Ք․..ի անբախտ օրերի մտերիմ ընկերուհին էր, որի հետ ամենայն համբերությամբ տարել էր նա աղքատության ծանր լուծը. Չնայելով որ այժմ նա մի քանի երեխաների մայր էր, չնայելով որ այժմ նա մի հարուստ տանտիկին էր, այսուամենայնիվ նա յուր բոլոր ճոխությունների մեջ չէր գտնում ոչինչ երջանկություն։ Նրա ամուսինն այն մարդերից մինն էր, որոնց համար ռամկորեն ասում են՝ «դուրսը—քահանա, ներսը— սատանա»։ Եվ իրավ, այդ մարդն ընտանեկան շրջանից դուրս հեզ էր որպես գառնուկ, իսկ յուր տան մեջ — վայրենի որպես գազան։
Տիկին Նատալիան — այդպես էր նրա անունը — այն կնիկներից մինն էր, որի թե բարոյական ազնիվ հատկությունները և թե մարմնական վայելչությունքը տալիս էին նրան իրավունք ոիրելի լինել ամենին։ Նրա դեմքը գեղեցիկ էր և դուրեկան, նա սրտով բարի էր որպես հրեշտակ։ Ոչ ոք նրանից չէր նեղացած, ամեն ծանոթները սիրում էին և հարգում էին նրան։ Միակ մարդր, որին ատելի էր նա, էր նրա ամուսինը։ Այդ ատելությունն սկսվեց այն օրից, քանի նրա ամուսինն ավելի և ավելի բարձրանում էր յուր հարստության աստիճանները, և քանի նրա արծաթն առիթ էր տալիս նրան ավելի խրվել յուր մոլությունների մեջ։ Զարմանալի է, որ նախախնամությունն ըստ մեծի մասին տալիս է այդ բռնակալներին համբերող կանայք։ Իսկ այդ համբերությունը խիստ թանկ արժեց տիկին Նատալիային. նրա մարմնական զորությունները օրըստօրե սպառվում էին և նա զգում էր, որ արագ քայլերով մոտենում է գերեզմանին...
Ամուսնու արհամարհական սառնասրտությամբ նրա մոտից անցնելը, երբ նա նստած էր դահլճի անկյունում, այնպիսի մի