խառն երազները սկսեցին անհանգիստ անել։ Ողորմա՜ծ աստված, ի՞նչեր չէին գնում և գալիս իմ աչքերի առջև,— սատանաներ, հրեշտակներ, դժոխք, արքայություն,— մի խոսքով, հարյուրավոր տխուր կամ ուրախալի պատկերներ, մինը մյուսից հետո կամ զվարճացնում էին ինձ և կամ սարսափեցնում...։ Բայց երբ զարթեցա, բոլորը մոռացա, մի երազ միայն մնացել էր իմ մտքում, նրան հիշում եմ և այսօր:
Ինձ երևում էր, թե Սոլայի հեղեղատը հորդացել էր, որպես ամեն տարի գարնան ժամանակ բարձրանում էին նրա ջրերը։ Իսկ այժմ շատ էր բազմացել ջուրը, խիստ շատ։ Կատաղած գետը գոռում էր, փրփրում էր, և հսկայական վիշապի նման սարսափելի պտույտներ էր գործում։ Նրա պղտոր հորձանքները տանում էին իրանց հետ ամենը, ինչ որ հանդիպում էր։ Ես տեսնում էի՝ թե ի՛նչպես ալիքների մեջ լող էին տալիս տնային կարասիք, տեսնում էի խեղդված մարդերի դիակներ, այլև երեխաները, կապած օրորոցների մեջ... Մտածում էի՝ ո՞րքան տներ պետք է քանդած լինի, ո՞րքան ընտանիքներ պետք է ոչնչացած լինի սարսափելի հեղեղատը... Անբախտ զոհերն երբեմն բարձրանում էին ալիքների հետ, երբեմն կորչում էին նրա պտույտների մեջ. երբեմն մոտենում էին գետի եզերքին.— ձեռքդ մեկնեի՛ր և ահա՝ կազատես, մտածում էի ես։
Ես տեսնում էի՝ Կարոյին, Ասլանին և Սագոյին, նրանք այնպես փոքրիկներ էին, որպես առաջ, երբ դեռ երեխա էին, երբ հեղեղատի ջուրը նստելու ժամանակը գնում էինք միասին նրա ափերից հավաքում էինք զանազան հնություններ, որոնց նա բերել էր իր հետ, քանդելով Քոհնա-շհարի ավերակները։ Իսկ այն երազ չէր:
Իսկ այժմ տեսնում էի ընկերներիս նույն հասակում, որոնք ցույց էին տալիս խեղդվող մարդիկներին և ասում էին ինձ՝ «տե՛ս, Ֆարհատ, ի՜նչպես տարվում են այդ անբախտները հոսանքի հետ, գնանք, ազատենք նրանց»։
Երբ աչքս կրկին դարձրի դեպի գետը, ալիքների մեջ տեսա մի քանի ինձ ծանոթ երեսներ— Մարիամին, Մագթաղին, իմ հորը, իմ մորը,— իմ աչքերի առջև մթնեցավ, վազեցի դեպի ափը, որ օգնություն հասցնեմ։ Հանկարծ գետի խարխուլ եզրը փուլ եկավ, ես գլորվեցա ցած...։ Ինչպես մի թեթև փետուր ես տարվում էի պղտոր հոսանքի հետ... կատաղի ալիքները շատ անգամ խորասույզ էին անում ինձ դեպի հատակը, շատ անգամ դուրս հանում, կրկին տեսնում էի սիրելի պատկերները սարսափած և գունաթափ