էր դեմքով և աչքերումը արտասուք կար, մյուսը ուրախ և պայծառ էր երեսով և հրեղեն աչքեր ուներ։ Ինձ երևաց, թե նրանք երկար հրեշտակներ էին, որոնք իջան երկնքից․ իսկ հետո ճանաչեցի՝ մեկ Սոնան էր, մյուսը՝ Մարոն, հետո՜, երբ ես թաղվեցա ջրի տակ մյուս անգամ դուրս չեկա…։
Երբ ես զարթեցա, Կարոն կանգնած էր իմ մոտ։
— Դու հիվանդ ես, Ֆարհատ,— ասաց նա խռոված կերպով։— Քո երեսը մեռելի գույն է ստացել, դու այնպես սարսափելի բաներ էիր խոսում քնիդ մեջ…։
Ես պատասխանեցի, թե քունս անհանգիստ էր, և ես ոչ բոլորովին առողջ եմ զգում ինձ․ գլուխս սաստիկ ցավում է, անդամները ջարդվում են, որպես թե ամբողջ մարմինս սանդի մեջ ծեծած լինեին։
Կարոն հայտնեց ինձ, թե իրանք պետք է գնան Բարդուղիմեոս առաքելո վանքը «մի գործի» համար և կվերադառնան մյուս օրը երեկոյան, և խորհուրդ տվեց ինձ մնալ ծերունի որսորդի տանը ավելացնելով, թե գիշերը տաղավարից դուրս բացօթյա քնելով մրսած կլինեմ, պատվիրեց տաք բան խմել և քրտնել, որով շուտով կանցներ տկարությունը։
Երբ նրանք նստեցին ձիաները, կամենում էին հեռանալ, Սագոն մոտեցավ ինձ և խուլ ձայնով ասաց․
— Գնա′ տուն, բախտավոր, գեղեցիկ Մարոն կբժշկե քեզ…
Ի
ԱՇԽԱՏԱՆՔ ԵՎ ՀՈՂ
Արևը նոր սկսեց ծագել։
Հասոն տաղավարում չէր․ տղերքը գնալուց հետո ես մենակ մնացի այնտեղ։ Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ։ Գնամ տուն, հին բարեկամիս տունը, այնտեղ «Մարոն կբժշկե ինձ»։ Չէ′, չեմ գնա,