Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/333

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րոն թող չտեսնե, որ իմ առողջությունը վատ է, նա փափուկ սիրտ ունի, նա լաց կլինի… Չէ՛, գնամ մի փոքր ման գալու, գուցե վաղորդյան օդը կկազդուրեր ինձ։

Առավոտյան ցողը դեռ չէր բարձրացել խոտերից, և արեգակի առաջին ճառագայթները խաղալով մարգարտյա կաթիլների հետ, արտափայլում էին ծիածանի գույներով։ Օդը տոգորված փափուկ խոնավությամբ, հովացնում էր իմ բորբոքված երեսը։ Հեռավոր լեռները դեռ պատած էին ճերմակ ու թափանցիկ մշուշով։

Իմ թուլացած անդամները բավականին զվարթացան վաղորդյան հովությունից, բայց տակավին սիրտս խռովության մեջ էր։ Ես գնում էի լուռ և մտախոհ կերպով. ո՞ւր էի գնում, ինքս չէի իմանում, միայն մի բան ինձ քաշում էր հեռու մարդկային բնակությունից։ Գիշերվա երազն ամենևին դուրս չէր գալիս իմ մտքից. նույն զարհուրելի տեսարանները ներկայանում էին իմ երևակայության մեջ։ Ի՞նչ էր նշանակում այն սարսափելի հեղեղատը։ Ի՞նչ էր նշանակում պղտոր ալիքների այնպես փրփրելով, գոռալով կատաղի հոսանքը, որ տանում էր իր հետ այնքան անբախտ զոհեր, որոնց թվում գտնվում էին և այն անձինքը, որոնք այնքան մոտ և սիրելի էին իմ սրտին…։ Վերջապես ի՞նչ էր նշանակում Սոնայի և Մարոյի իմ օգնությանը հասնելը. մի՞թե նրանց ձեռքումն էր իմ փրկությունը, մի՞թե նրանք կարողացան ազատել ինձ։— Ոչ, մինչև նրանց հասնելը ես արդեն ջրի խորքումն էի, այն սառը և թաց գերեզմանի մեջ թաղված…

Մի՞թե մեր կյանքը մի այսպիսի երազ չէր… մի՞թե մեզ ևս իր հետ չէր տանում աշխարհային հոսանքը իր կատաղի ալեկոծության մեջ…

Ես գնում էի մի հովտի միջով, ուր մշակված դաշտերը խոստանում էին առատ հունձք. մի տեղ դեռ նոր էին վարում հողը, մի տեղ ցանում էին, մյուս տեղ արածացնում էին ոչխարների հոտերը, մի խոսքով, որ կողմ և նայում էի, եփ էր գալիս աշխատություն, ամեն ինչ շարժողության մեջ էր, ամեն տեղ երևում էր կյանք և գործունեություն։ Այո՛, «ծույլ չէ այդ ժողովուրդը…», հիշեցի Կարոյի խոսքերը, և մի այդպիսի ժողովուրդը անբա՜խտ է…

Հանկարծ իմ ականջին զարկեց մի երգի ձայն, նա խիստ քաղցր եղանակով հնչվում էր առավոտյան հովության մեջ, ես պարզ որոշում էի հետևյալ խոսքերը.