|
Երգողը Հասոն էր, որ ինչ-որ հեռու վարում էր իր արտը։ Ես մոտեցա նրան և տեղային սովորության հարմար ասեցի․
— Բարի հաջողություն։
Նա ընդունեց իմ ողջույնը և շարունակեց իր գործը։ Ես հարցրի՝ արդյոք նրա երգի պարունակությունը համապատասխանո՞ւմ էր իր դրությանը, նա ձմեռը հաց կունենա՞ր ուտելու, և իր անասունները կարո՞ղ էին կուշտ ապրել։ Նա պատասխանեց, թե մենք միշտ երգում ենք այն, ինչ որ իսկապես չունենք կամ բնավ չենք ունեցել… և ավելացրեց՝ թե լավ է աշխատել առանց վաստակի, քան թե անգործ մնալ․ անգործությունը մեռելներին է պատկանում։
— Այս արտը աղայի մուլք չէ,— ասաց նա։
— Բա′ ո՞ւմն է։
Նա ասաց, թե իր հայրը գնել էր այդ հողը մի քուրդ բեկի այրի կնոջից, որը փողի սաստիկ կարոտության մեջ լինելով, ստիպվեցավ վաճառել իր կալվածքը, և իբրև իրանց սեփականություն, նա ազատ էր աղայական տուրքերից։ Իմ կարծիքին, թե լավ կլիներ, որ ամեն գյուղացի իր սեփական հողն ունենար, Հասոն պատասխանեց—լավ կլիներ, եթե թողնեին… և ավելացրուց,— թե գյուղացիք փող չունեն հող գնելու համար, և եթե գնեին ևս, աղաները նրանց հետ թշնամանում են, սկսում են նեղացնել, կամ ջուր չեն տալիս, կամ սովորացնում են իրանց մարդիկներին նրանց