Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցանքերը փչացնում են, կալը կամ հունձի դեզերը հրդեհում են, վերջապես, ամեն միջոցներ գործ են դնում, որ գյուղացին չվստահանա կալվածատեր լինելու, այլ միշտ մնա այն կարծիքի մեջ, թե ինքը առանց աղայի օգնության, առանց նորա հովանավորության, որևիցե միջոցով ապրուստ ճարել կարող չէ։

— Քո բարի աչքերով տեսնւմ ես,— շարունակեց նա,— հորես գոտկումս խրած եմ մի ջուխտ թափանչա․ այնտեղ լծան վրա կապած է թվանքը․ ինչո՞ւ համար են դրանք․ ես այստեղ վար եմ վարում․ ո՞ւմ հետ կռիվ ունեմ, բայց էլի հարկավոր են․ թշնամին ամեն ժամ մեր վզի ետևեն կանգնած է։ Մեկ էլ տեսար, երկու քրդի ձիավոր մզրախները ձեռներին, լո՜-լո՜ կանչելով, ձորի մեջեն դուրս եկան, եզները կարձակեն և կտանեն․ աչքերդ բաց-բաց պետք է կանգնես և մտիկ տաս․ շատ-շատ կսկսես քո գլուխը թակել, որ տարան սիրուն եզներդ, էգուց արորը վարող չես ունենա…։ Բայց քանի սրանք իմ մոտ են,— նա ձեռքը դրեց ատրճանակների վրա,— ինքը սատանան չի կարա մոտենալ Հասոյի եզներին…

— Միևնույնը կարող է պատահել և այն մշակների հետ, որոնք վարում են աղայի արտերը։

— Չէ, աղաներն իրանք են թալանում իրանց բանվորներին, բայց թող չեն տալիս ուրիշները մոտենան իրանց խոնարհ ծառաներին։ Ամեն գազան իր որսը պահպանում է մեկել գազաններից։

— Այդ միևնույն է, թե իրանք և թե օտարները, երկու դեպքում ևս մշակը կողոպտվում է։

— Միևնույնը չէ։ Դու խո գիտես այն հավի առակը, որ ամեն օր մի-մի ոսկի հավկիթ էր ածում իր տիրոջ համար։ Մշակը մի այնպիսի հավ է աղայի համար, աղան մեկ անգամից չէ սպանում հավին (մշակին), որ նրա փորից խազինա (գանձ) դուրս բերե․ նա թողնում է, որ նա ապրե, որ ոսկի հավկիթը շարունակ ստանա։ Բայց ավազակները նրա կյանքին չեն ափսոսում, ուզում են մեկ անգամից հարստանալ և սպանում են…

— Քանի՞ օրումը կվերջացնես այս արտի վարելը,— հարցրի ես, կամենալով փոխել խոսակցությունը, որ խիստ տխուր տպավորություն գործեց իմ վրա, երբ մտածում էի, թե ինչով է ապահոված երկրագործը, որ միշտ իր զենքով պետք է պահպանե իր անասունները և իր մշակության բերքը ավազակների հարձակմունքներից։ Բայց մի՞թե յուրաքանչյուր մշակ կարող է որսորդ Ավոյի որդին լինել և զենք բանեցնել… ի՞նչ կարող է լինել այն խեղճերի դրությունը, որոնք մի հասարակ դանակ ևս չունեն իրանց գրպանում։