Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հասոն չլսեց իմ հարցմունքը, և ես մյուս անգամ կրկնեցի, թե քանի օրում նա կարող էր վարել իր արտը։

— Եթե տերը հաջողություն կտա, ինչ մեծ բան է նրա վարելը։— Դեպի ա′ջ Մարալ, դու այսօր հենց թե խելքումդ չես,— այս ասելով նա բզեց կարմիր եզան կողքը։— Տե′ս, «Գութանը» այնտեղ էր կանգնած,— նա իր վարոցով ցույց տվեց երկինքը,— իստակ այնտեղ, երբ ես լծեցի արորը. հիմա աստուծո օգնությունով, տեսնո՞ւմ ես որքան վարել եմ։ Վաղվա գործը օրհնած է, թե չէ, երբ արևը բարձրացավ, այն ժամանակ ոչ թե մեղավոր մարդուն, այլ անբան անասուններին էլ մեղք է բանեցնելը, իստակ էրում է արևը, չես կարող շունչ քաշել։— Դեպի կորդ, Ջեյրան, ի՜նչ ես հոգիդ տալիս,— այս անգամին նա բզեց մոխրագույն եզան կողքը։

Կարծես նրա եզները— Մարալը և Ջեյրանը— հասկանում էին իրանց տիրոջ նկատողությունները և այնպես խելացի կերպով տանում էին գործը։ Բայց Հասոն տեսնելով՝ ես երկար զբաղեցնում եմ նրան իմ հարցուփորձով, ուզեց ինձ որպես ասում են՝ «իր գլխիցը ռադ անել» և այս մտքով ասաց.

— Դու սիրո՞ւմ ես, Ֆարհատ, առավոտյան խիար (վարունգ) ուտելը, դա սրտի համար լավ է, գնա՛, այն խոտերի մեջ մի քանի հատ թաքցրել եմ, որ սառն մնան, կտրե ու կե′ր, թե դանակ չունես, ես կտամ։

Ես շնորհակալություն արեցի, հայտնելով, թե սովորություն չունեմ անոթի որևիցե միրգ ուտել, և մնաք բարյավ ասելով, հեռացա աշխատասեր մշակից։

Կրկին զարթեցան իմ մեջ նոր և նոր մտածմունքներ, երբ ես հիշեցի Հասոյի խոսքը՝ «լավ է աշխատել առանց վաստակի, քան թե անգործ մնալ, անգործությունը մեռելներին է պատկանում»։ Ես այն ժամանակ չկարողացա հասկանալ, իսկ այժմ հասկանում եմ այս խոսքերի իմաստը։ Աշխատությունը, որքան և անշահավետ լիներ գործողի համար, վաղ թե ուշ կարող էր վարձատրություն գտնել, օգուտ բերել, նա ուներ իր փառավոր ապագան։ Իսկ անգործունեությունը, իրավ որ, մեռելություն է, նրա սկիզբը և վախճանը մահ է։ Որքան և իզուր թափված լիներ մշակի քրտինքը, որքան և հուսահատական լիներ նրա դրությունը, դարձյալ նա կենդանի մարդ է, նա գործում է, նա պատերազմում է իր գոյությունը ոչնչացնող դժվարությունների հետ․ նրա մեջ մեռած չէ ինքնապահպանության զորությունը։ Եվ այս՝ կյանքի և մահու կռվի մեջ՝ նա իրան պատրաստում է մի օրվա համար, երբ կտիրեն իրավունքը և