նույնպիսի ձայն։ Րոպե չէր անցել, երբ այնտեղից դուրս վազեց փոքրիկ երեխա, որ գալով Սուսանի մոտ, կպավ նրա կուրծքին, և իր արևից այրված մերկ թևքերով գրկելով նրա պարանոցը, սկսավ համբուրել նրան։
Այս տեսարանը խիստ հոգեշարժ էր և իմ սնահավատության վրա ազդեց մի դյութական զորությամբ․ ես մտածում էի՝ փոքրիկ երեխան չէ՞ արդյոք այն ոգիներից մինը, որի միջնորդությամբ Սուսանը կատարում է իր կախարդական արարողությունները։ Իմ կարծիքին ավելի ուժ էր տալիս այն դյութական հագուստը, որ խիստ սազ էր գալիս նրա վայելուչ կազմվածքին, որի յուրաքանչյուր գծերից երևում էր վայրենի գեղեցկությունը իր պարզ և անկեղծ հրապուրանքով։ Դա նույն երեխան էր, որ մի անգամ ևս երևցել էր ինձ արաբական ավերակներում, երբ առաջին անգամ տեսա Սուսանին։
Երբ նա տեսավ ինձ, թողեց Սուսանին և ժպտալով վազեց իմ մոտ, կարծես, ես նրա վաղեմի ծանոթը լինեի։
— Գնի′ր, պարոն, այս թիլիսմանը, Հյուբբին իր ձեռքովն է շինել,— ասաց ինձ։
Նա կրկին ժպտեց և սև փայլուն աչքերով սկսեց նայել իմ երեսին, տալով ինձ սաթից շինած մի տափակ-քառանկյունի բան։ Այն մի հմաեակ էր նախշած զանազան նշանագրերով, որի նմանը շատ անգամ տեսել էի կանանց պարանոցեն քաշ ընկած։ Ես տվեցի իմ մոտ գտնված միակ արծաթի դրամը և գնեցի փոքրիկ կախարդից թիլիսմանը։ Նա գլուխ տվեց և կրկին վազեց Սուսանի մոտ։
— Հյուբբի, երգի′ր մի բան պարոնի համար, նա քեզ ավելի փող տվեց, քան թե կարժեր քո թիլիսմանը,— ասաց նրան պառավը։
Փոքրիկ աղջիկը, առանց քաշվելու, խիստ համարձակ կերպով եղանակեց մի թեթև երգ ինձ բոլորովին անհասկանալի լեզվով․ միայն նրա ձայնը իր թարմ և քաղցր հնչյուններով բավականին ախորժ տպավորություն գործեց իմ վրա։ Վերջացնելով իր երգը, նա կրկին վազեց իմ մոտ։
— Տու′ր ձեռքդ, թող Հյուբբին գուշակե քեզ համար,— ասաց նա իմ աջը բռնելով իր փոքրիկ ձեռքերով։
Ես թույլ տվեցի։ Նա նստեց ինձ մոտ։ Ես մինչև այսօր չեմ կարող մոռանալ, թե որպիսի խորհրդական ծանրությամբ փոքրիկ մարգարեուհին սկսեց իր գուշակությունները, իմ աջ ափի գծերի մեջ կարդալով իմ ճակատագիրը։ Նրա խոսքերը թեև անկապ էին, որպես քրմուհու առեղծվածներ, բայց զուրկ չէին իմաստից. ես կարող եմ կազմակերպել այսպես․