Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/342

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևում էր, Հյուբբիի անզգուշությունը սաստիկ խռովություն պատճառեց պառավի մեջ․ նա վեր կացավ, և նույն լեզվով մրթմրթաց աղջկան մի քանի խոսքեր. երկուսը միասին ճանապարհ ընկան։ Սուսանը ամենևին չնայեց ինձ և ոչինչ չասաց, միայն Հյուբբին մի քանի քայլ հեռանալով կրկին դարձավ, և փայլուն աչքերը իմ երեսին ձգելով, ժպտեց և գլուխը թափ տալով, շարունակեց իր թեթև քայլերը խորհրդական պառավի հետ։ Քանի րոպեից հետո նրանք աներևութացան մերձակա լեռների մեջ։

«Հյուբբին անբախտ աղջիկ է... նրա մայրը կորած է... Հյուբբին պտռում է իր մորը, և նրա հայրը»...։ Ո՞վ էր նրա հայրը,— այդ խոսքը խորամանկ պառավը չթողեց գեղեցիկ երեխային վերջացնել։ Երևի, մի աղոտ գաղտնիքով վարագուրված էր փոքրիկ գուշակողի ծագումը, որը նա անզգուշությամբ պետք է երևան հաներ. եթե ոչ, ի՞նչու պետք է Սուսանը այնպես վրդովվեր, ի՞նչու իսկույն պետք է հեռանար ինձանից: Նա վախեցավ՝ չիցե թե երեխան մի նոր անզգույշ խոսք դուրս թռցնե իր բերնից և հեռացրեց նրան։ Անպատճառ այստեղ մի գաղտնիք կար, որ պետք էր գիտենալ, բայց ո՞րպես գիտենալ։ Խորամանկ պառավը գնաց, կորավ անհայտ ուրվականի պես։ Ո՞րտեղ կարելի էր տեսնել նրան մյուս անգամ։ Բայց ի՞նչ է նշանակում նրա ստեպ տեսակցությունները Կարոյի հետ: Կարոն ի՞նչ գործ ունի այն մոլաշրջիկ թափառականի հետ. և նրանց հարաբերությունների հետ կապ ունի մի երրորդ անձնավորություն — «ամրոցի աղջիկը»,— ահա գաղտնիքի գլխավոր մասը, որ ծածկված էր խավարի մեջ...

Բայց իմ մտքից չէր դուրս գալիս փոքրիկ գուշակողի պատկերը, ես առաջին անգամ տեսնում էի այնպիսի սիրուն երեխա, որի մեջ կար այնքան համարձակ անմեղություն, որի սիրտը այնքան տաք և զգայուն էր։ Ես հավատում էի նրա խոսքերին, որոնցմով նա կարդաց իմ անբախտ ապագան. ես հավատում էի, որովհետև «գերագույն ոգին» այնպիսի անկեղծ արարածներին միայն կհայտնե մարդկանց ճակատագրի գաղտնիքները։ Ահա′, ասում էի ես, հավատարիմ դստերք բնության, որոնք ապրում են երկնքի թռչունների նման, «ո′չ վարում են, ո′չ ցանում են և ո′չ հնձում են», բայց նրանք էլ աղքատ են և ապրում են ողորմությունով...

Կրկին տիրեցին ինձ սև մտածությունները, կրկին իմ սիրտը ընկավ անհանգիստ խռովության մեջ։ Ես պառկած էի սրբազան ծառերի հովանու ներքո, բայց չուշացավ քունը, նա վերջ տվեց իմ անհանգստությանը։