ԻԲ
ՆԱԽԱԶԳՈԻՇՈԻԹՅՈՒՆ
Երբ զարթեցա, գիշեր էր։ Ո՞րքան ժամանակ անցել էր օրից, քանի՞ Ժամ քնել էի, ես չկարողացա գիտենալ։ Փափուկ և տաք գիշեր էր։ Ո՜րքան գեղեցիկ վառվում էր ամառային երկինքը իր փայլուն գոհարներով. ո՜րքան մեղմ և մտախոհ կերպով սահում էր կիսալուսինը պարզ եթերքի միջով։
Ես պառկած էի դալար խոտերի վրա, և խիստ ախորժ ծուլությամբ թավալվում էի մի կողքից դեպի մյուսը: Ականջ էի դնում։ Ամեն տեղ տիրում էր խորին լռություն, բոլո՜րը հանգստանում էին։ Արթուն էր միայն վտակը, որի ափի մոտ պառկած էի. ես լսում էի նրա խուլ-մելամաղձական խոխոջմունքը, նա անդադար վազում էր և վազում, նա քուն և հանգստություն չուներ։ Ահա, հովասուն զեփյուռը փափուկ թևքը քսեց իմ երեսին և շվացնելով անցավ, կարծես, ուզում էր ասել՝ «տե՛ս, ես էլ արթուն եմ»։
Աչքս դարձրի դեպի աստղազարդ երկինքը։ Նայում եմ։ Այո՛, գեղեցի՜կ են աստուծո լուսավորները։ Որոնում եմ նրանց մեջ իմ աստղը, երկա՜ր որոնում եմ, բայց չեմ գտնում: Ահա երկու աստղեր. նրանք ծանոթ են ինձ, ես շատ անգամ տեսել եմ նրանց, համբուրել եմ... շատ անգամ նրանք նայել են ինձ վրա ջերմ քնքշությամբ...: Ես ճանաչում եմ ձեզ, սիրուն աստղեր, դուք նմանում եք Սոնայի տխուր և արտասվալի աչքերին, որպես այն վերջին գիշերը, երբ նա բաց արավ իմ բանտի դուռը և ասաց՝ «փախիր, Ֆարհատ»։ Ահա երկու աստղեր ևս, ինչպես հպարտ և ինքնահավան կերպով փայլում են նրանք. նմանում են նրանք Մարոյի լի կրակով աչքերին, երբ նա հրացանը ձեռքին կանգնած, ժպտում էր այն սարսափելի րոպեում, երբ ես շաղախված էի ղաբանի արյունով։
Սիրո՜ւմ եմ ձեզ, գեղեցիկ աստղեր։ Ահա՛ անցավ մի սև ամպ և ծածկեց իմ տեսությունից նազելի աչիկները...
— Ա՜խ, Սոնա... ա՜խ, Մարո...
— Ի՞նչ է,— լսելի եղավ մի ձայն և իմ առջև նկատվեցտվ մի պատկեր, որպես կերպարանքը գիշերային ուրվականի։ Սի սարսուռ վազեց բոլոր մարմնիս մեջ:
— Ես եմ, Ֆարհատ։
— Ա՛խ, Մարո...
Երևակայեցեք իմ ուրախությունը, ուրախությունը լի վառված