կրքերով մի պատանիի, որ գիշերային լռության մեջ, հեռու մարդկային բնակությունից, գտնում է նրան, որին սիրում է։
Մարոն նստեց իմ մոտ, իմ ձեռքը առեց իր երկու ափերի մեջ, և գրեց իր ծնկի վրա։ Նա ուրախ, որպես միշտ, սկսեց պատմել՝ թե առավոտյան իր հորից իմացավ, որ իմ առողջությունը վատ էր. նա վազեց դեպի եղբոր ագարակը, տեսավ, ես այնտեղ չկայի։ Այնտեղից շտապեց դեպի արտը, Հասոյի մոտ. եղբորից այսքանը իմացավ, թե նա տեսել էր ինձ կեսօրից առաջ, բայց չգիտեր, ո՛ւր կամ ո՛ր կողմը գնացի։ Նա երկար որոնեց ինձ, մինչև արևը մտավ և օրը մթնեց. հետո նրան հանդիպեց մի բոշա կին, որ ասաց, թե տեսել էր ինձ «քանդված մատուռի» մոտ:
— Դու ճանաչում ե՞ս այն կնկան,— հարցրի ես։
— Երկրորդ անգամն է, որ տեսնում եմ նրան,— պատասխանեց Մարոն։
— Առաջին անգամն ե՞րբ էր։
— Երկու տարի առաջ։ Ես տեսա նրան միևնույն հագուստով, որպես այսօր, էլի այն փոքրիկ երեխան իր հետն էր, որին այսօր տեսա: Ի՜նչ լավ երեխա է, Ֆարհատ, այնքան սիրտս սիրեց նրան, որ բռնեցի երեսը պաչ արի։ Ախար մե՜ղք է անօրենի երեսը պաչ անելը. նրա ճակատին մեռոն չէ քսած․ բայց ես նրան պաչ արի. նա այնպես լավ երեխա էր։
— Ո՞րտեղ դու տեսար նրան երկու տարի առաջ։
Մարոն նկատելով, իր պատմությունը հետաքրքրւմ էր ինձ, շարունակեց.
— Ես տեսա նրան այս ձորի մեջ, այս մատուռի մոտ. նա խոսում էր Կարոյի հետ։ Ի՞նչ էր խոսում, ես չիմացա, նրա համար, որ նրանց լեզուն չէի հասկանում։ Քանի օրից հետո Կարոն անհայտացավ մեր տանից, մենք չիմացանք թե ուր գնաց։ Քանի տարի էր նրանից ոչինչ լուր չունեինք։ Կարոյի գնալուց հետո, այն կինն էլ չերևաց։ Այս անգամին, երբ Կարոն կրկին լուս ընկավ, բոշան էլի ման է գալիս մեր կողմերում։
— Այն ժամանակ Ասլանը և Սագոն Կարոյի հե՞տ էին։
— Չէ՛, նրանք չկային։ Այս անգամ ետ դարձան միասին։ Երկու շաբաթ է, ինչ որ եկել են։
— Դու այսօր Կարոյին չե՞ս տեսել։
— Ես քեզ ասացի, որ տանից դուրս եմ եկել առավոտյան, մինչև հիմա էլ սար, ձոր չեմ թողել, քո ետնեն ման եմ եկել։ Հիմա ի՞նչպես է քեփդ, դու ողջ օրը հաց չես կերել. ի՜նչ գիժ տղա ես Ֆարհատ: