Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կարոն լավ տղա է, այնպես չէ՞:

— Լավ տղա է, բայց...

Նա կտրեց իր խոսքը, և րոպեական լռությունից հետո շարունակեց:

— Գիտե՞ս, Ֆարհատ, քանի օրից հետո Կարոն իր ընկերների հետ գնալու են մի տեղ, դու նրանց հետ գպնաս։

— Ինչո՞ւ չպետք է գնամ։

— Այնպես... մի՛ գնա... ես չեմ կարա ասել... հայրս ինձ կսպանե, թե ասեմ...։ Աղաչում եմ, Ֆարհատ, մի′ գնա նրանց հետ։

Այդ խոսքերի միջոցին բարեսիրտ օրիորդի աչքերը լցվեցան արտասուքով, նա պինդ կպած իմ կուրծքին, ղրկել էր ինձ, երկար և երկար աղաչում էր, որ ես չմասնակցեմ Կարոյի և նրա ընկերների արշավանքին:

Բայց ի՞նչ արշավանք էր այդ, դեպի ո՞ր կողմը և ի՞նչ նպատակով,— դրանց մասին ծածկամիտ Մարոն ոչինչ չհայտնեց:

— Ա՜խ, Կարոն... նա սիրտ չունի... նա գազա՜ն է, մարդ չէ... նրա համար մի ադամորդուն սպանելը այնպես է, ինչպես խեղճ հավի վիզը կտրելը... Ես սուտ չեմ ասում, Ֆարհատ, ես իմ աչքով եմ տեսել...։ Ա՜խ, հեռու կա՛ց այս մարդից, Ֆարհատ, չբարկացնես նրան... նա աստված չունի...: Նա բարեկամ, ընկեր,— այս բաները չէ իմանում:

Այսպես խոսում էր Մարոն արտասվախառն հեկեկանքով, բայց ինձ բոլորովին անհավատալի էր երևում, մտածել Կարոյի մեջ մի այնպիսի վայրենություն, որպես նկարագրեց նրան Մարոն: Մի այնպիսի տղամարդ, որ բոլոր սրտով նվիրել էր իրան մարդասիրության գործին, չէր կարող գազան շինել։ Ես Կարոյին լավ էի ճանաչում, ճանաչում էի նրան երեխայությունից, բայց մի՞թե փոխվել էր նա:

— Ես չեմ հավատում, Մարո։ Կարոն այդպես չէ,— կտրեցի ես օրիորդի խոսքը։— Ես նրանից չեմ բաժանվի, ուր որ գնա, ևս էլ կգնամ նրա հետ։

Մարոն հայտնեց, թե ո՛րպես նա մի գիշեր սպանեց իր ամենալավ ընկերներից մեկին, մի հնդկացի հայ երիտասարդի, որի վրա փոքր-ինչ կասկած ուներ, թե կհայտնե իր գաղտնիքը. և ավելացրուց, թե կարող էր մինչև անգամ նրա դիակը ցույց տալ ինձ, որովհետև այս անցքը պատահել էր մի քանի օր առաջ։ Միայն ինքը, Մարոն, չէր կարող ամեն ինչ բացարձակ ասել ինձ, որովհետև վախենում էր իր հորից։