Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես միշտ հավատարիմ կմնամ Կարոյին, ես դավաճանություն չեմ գործի նրա դեմ,— ասեցի ես։

— Հա՛, սիրելիս, նրա հետ պետք է այսպես լինել,— պատասխանեց Մարոն փոքր-ինչ հանգստանալով։— Ես չեմ ասում նա վատ տղա է. նա վատ է միայն վատերի հետ, ով որ նրան հակառակ է: Բայց նրա քարե սիրտը հանկարծ փափկանում է, երբ մի խեղճ մարդ է տեսնում․ քանի՜ անգամ ես տեսել եմ նրան, որ մտել է աղքատ գյուղացիների խրճիթը և նրանց փող է բախշել, նա իր բերանի պատառը ուրիշին է տալիս, երբ տեսնում է, որ նա քաղցած է։

— Բայց Ասլանը և Սագոն ի՞նչպես են։

— Ասլանը լավ տղա է, բայց Սագոյին չեմ սիրում, նա լավ տղա չէ՛։ Գիտե՞ս, Ֆարհատ, մի օր նա ի՞նչ ասաց ինձ․ մեր բակումը նրա հետ մենակ կանգնած էինք, խոսում էինք մեր գյուղի աղջիկների վրա. մեկ էլ տեսնեմ, այն աղվեսը․— ախար նրա երեսը աղվեսի նման է,— հա՛, Սագոն ձեռքը գցեց իմ վզովը ու ասաց, «Թո՛ղ Մարո, պաչ անեմ քեզ»։ Ես հետ քաշվեցա, մի լավ ապտակ՝ շըրըխկ նրա երեսին. քիչ էր մնացել խեղճի շիլ աչքերը քոռանային։

— Իսկ եթե ես ասեմ՝ ինձ մի պաչ տո՛ւր, ի՞նձ էլ ապտակ կըտաս։

Նա սկսեց ծիծաղել և ոչինչ չպատասխանեց։

Ես գլուխս խոնարհեցրի նրա կուրծքի վրա, երկար մեր շրթունքները չէին հեռանում միմյանցից։ Մենք ոչինչ չուխտեցինք մեկ-մեկու հետ, մենք չխոստացանք միմյանց մշտական սեր, հավատարմություն․— այսպիսի բացատրություններ չեղան մեր մեջ։ Միայն սրտի խուլ լեզուն խոստացավ շատ և շատ, այն, որ ամենասրբազանն է և աստվածային, այն, որ միայն սիրտը կարող է հասկանալ։

— Գնանք,— ձայն տվեց օրիորդը, որպես թե զարթնելով խորին հոգեզմայլությունից։

— Գիշերի ո՞ր ժամանակն է,— հարցրի ես։

Նա նայեց դեպի երկինքը և պատասխանեց,

— Տե՛ս, «բազմունքը» երբ այն աստղի մոտ է հասնում, գիշերը կես է լինում։ Ուղիղ կեսգիշեր է։— Մենք վեր կացանք։

Մենք գնում էինք զանազան ոլոր-մոլոր ճանապարհներով. թե ի՞նչպես էի անցել ես այդ լաբիրինթոսը, ամենևին չէի հիշում։ Ի՞նչ կլիներ իմ վախճանը, մտածում էի ես, եթե Մարոն ինձ չգտներ, ես ոչ միայն գիշերով, այլ լույս ցերեկով ևս չէի կարող գտնել Հասոյի ագարակը։