Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարոն կպած էր իմ կողքին, և մանկահասակ աղջկա դալար և թեքուն հասակի ամեն մի շարժմունքը էլեկտրապես ազդում էր իմ վրա։ Բոլոր ժամանակը նա առանց լռելու խոսում էր, թռչելով մեկ մտքից դեպի մյուսը. երբեմն նա ասում էր՝ թե որքան լաց կլիներ, եթե ինձ չգտներ, թե նա բոլոր գիշերը կպտռեր ինձ, մի՜շտ կպտռեր։ Հայտնում էր՝ թե իմ պառկած տեղը շատ վատ տեղ է, և նա ուրախ է, որ վտանգ չէ պատահել ինձ. ասում էր՝ թե այն ձորը կոչվում է Ղանլի֊դարա (արյունոտ ձոր), որովհետև քիչ չէ պատահում, այնտեղ գտնում են սպանված մարդերի դիակներ։ Բացի դրանից, ավելացնում էր նա, այնտեղ գազանները շատ անգամ պատառոտում են մարդկանց, երբ նրանք պաշտպանվելու զենք չունեին իրանց հետ։ Հանդիմանում էր իմ անհոգությունը, թե ինչո՞ւ ես զենք չէի կրում, թե գոնյա պետք էր ունենալ իր մոտ մի ջուխտ ատրճանակ և խենջար։

— Ապա դու ի՞նչպես առանց զենքի չվախեցար այն ձորը մտնել,— հարցրի ես։

— Միթե գիշերն առանց զենքի մա՞ն են գալիս,— պատասխանեց նա ծիծաղելով իմ պարզամտության վրա, և ցույց տվեց մի ջուխտ ատրճանակներ, որ թաքցրած ուներ իր գոտիի մեջ։

Եթե ցերեկ լիներ, Մարոն կնկատեր, թե որ՜պես կարմրեցա ես ամոթից...

ԻԳ

ՆԵՐՔԻՆ ԿՌԻՎ

Հասնելով ծերունի որսորդի տունը, մենք գտանք բոլորին քնած։ Մըհեն, որ բաց արեց դուռը, հայտնեց՝ թե իր աղան տանը չէր և ոչ նրա հյուրերը դարձել էին իրանց «գնացած տեղից»։ Ես մտածեցի, անպատճառ մեկ արգելք պետք է պատահած լինի, որովհետև Կարոն և նրա ընկերները խոստացան, թե մինչև երեկո կվերադառնան: Հասոն իր ագարակումն էր։ Նա տան երես չէր տեսնում, քանի իր մշակության գործերը վերջացած չէին դաշտերից. ձմեռվա ձյուները միայն մի քանի ամիս նրան քշում էին դեպի տուն։

Մարոյի առաջին հոգսը եղավ պատրաստել ինձ համար մի բան ուտելու։ Ընթրիքից հետո նա գցեց իմ քնելու շորերը, և ցանկանալով ինձ բարի գիշեր, ինքն ևս գնաց հանգստանալու։