Առավոտյան ես զարթեցա խիստ ուշ. երկար քունը բավականին կազդուրել էր իմ առողջությունը, ես զգում էի ինձ զվարթ և նորոգված ուժերով։ Սիրտս էլ սովորականից ավելի ուրախ և հանգիստ էր, որպես թե, ես գտնվում էի մի անսահման բավականության մեջ, լույս աշխարհում ոչինչ պակաս չէր մնացել ինձ, բոլո՜րը, բոլո՜րը, լրացրել էր այն արարածը, որին սիրում էի ես, որը սիրում էր ինձ։
«Գեղեցիկ Մարոն կբժշկե քեզ»... ասաց Սագոն. նրա խոսքը ճշմարիտ էր, թեև նա արտասանեց այնպիսի դառն, հեգնական ժպիտով։
Ես կրկին գլուխս դրեցի բարձի վրա և նայում էի պատուհանից ներս ծագած շողին, որի մեջ խաղում էին միլիոնավոր մանրիկ փոշիներ գույնզգույն փայլումներով։ Ահա՛ ինչ է նշանակում լույսը, մտածում էի ես, չէ՞ որ այս սենյակի ամբողջ բովանդակությունը պարունակում է իր մեջ այսպիսի փոշիների մի ծովակ, բայց նրանք չեն երևում օդի աղոտության մեջ, իսկ լույսի այս նեղ ժապավենի մեջ բոլորը երևում են։ Բայց եթե խավար լիներ,— ես ոչինչ չէի տեսնելու, մինչև անգամ ամենախոշոր առարկաները։ Ա՜խ, ի՞նչ լավ բան է լույսը, որպես բաց է անում նա մարդի աչքերը և զորություն է տալիս նրա տեսությանը։ Չէ՞ որ միևնույնն է լինում և կյանքի մեջ,— մի ժողովրդի, մի ազգի և ամբողջ աշխարհի կյանքի մեջ։ Երբ որ տիրում է մտավոր խավարը, մարդիկ չեն տեսնում իրանց ամենախոշոր թերությունները. նրանք չեն նշմարում այն ճանապարհի ուղղությունը կամ ծռությունը որով գնում են. նրանք չեն նկատում այն խոչընդոտները, որ ամեն անգամ նրանց ոտքին է դիպչում և ճակատի վրա վայր է գցում.— նրանք ոչինչ չեն տեսնում, միայն խարխափում են մոլորության մեջ...
Հիշյալ մտախոհությունները ինձ հասցնում էին այն եզրակացությանը, թե բոլորովին անհաջող կանցներ Կարոյի ձեռնարկությունը. նա չէր կարող մի ժողովուրդ, որ ապրում էր խավար մթնոլորտի մեջ, կանգնեցնել շիտակ ճանապարհի վրա և նրա ընթացքին անմոլոր ուղղություն տալ։ Պետք էր նախ և առաջ փարատել խավարը, և ժողովուրդն ինքն իրան կգտներ իր ճանապարհը...
Արդյոք այսպե՞ս էի մտածում ես. մի՞թե այս ճշմարտություններն էի կարդում արևի այն լուսավոր ժապավենի մեջ, որ ներս էր շողացել իմ քնարանի պատուհանից։— Ո՛չ, ես ոչինչ չէի տեսնում նրա մեջ, բացի փոքրիկ փոշիներից. նրանք ևս շուտով ձանձրացրին ինձ։ Երեսս շուռ տվի, իմ ուշադրությունը գրավեց ախտաբորբոք