ճնճղուկը, որ իր զույգի հետ պատուհանից ներս թռան սենյակի մեջ։— Նրանք մի քանի շրջաններ գծեցին իմ դատարկ քնարանում, հետո նստեցին միմյանց մոտ, սկսեցին քաղցր սիրախոսություններ անել: Մինչ այս զվարճության մեջ էին, ներս թռավ մի այլ ճնճղուկ— արու, նա մոտեցավ նախկին հերոսի սիրուհուն. նորեկի կողմից մի այսպիսի լրբությունը շարժեց սիրահարի նախանձը։ Կռիվը սկսվեց։ Մի փոքր խեղդեցին մեկ-մեկու, մի փոքր քաշեցին միմյանց փետուրները։ Մինչ նրանք այս պատերազմի մեջ էին, էգը օգուտ քաղեց խռովությունից և դուրս փախավ։ Կռվողները թողեցին մենամարտությունը, վազեցին իրանց երկպառակության առարկայի ետևից։
Մի՞թե միևնույնը չպատահեց իմ և Սագոյի մեջ։ Չէ՛, մտածում էի ես, նրա փոքրիկ գլուխը կջարդեմ, եթե մյուս անգամ նա կհամարձակվիի Մարոյի անունը հիշել. ես ավելի թույլ չպետք է լինեմ, քան այն ճնճղուկը, որ իր կյանքով պաշտպանում էր սիրո գաղափարը։
Նույն րոպեին, կարծես, ես լսում էի մի հեկեկանք, կարծես, մի դառն լացելու ձայն զարկում էր իմ ականջներին։ Ինձ թվում էր, թե ես դպրոցումն էի, տեր Թոդիկը չոքեցրել էր ինձ մանրած աղյուսի կտորտանքի վրա. ես տեսնում էի Սոնային (դասատան պատուհանից երևում էր նա) միևնույն ծառի ստվերի ներքո, ուր միշտ նստում էր, և այժմ նստած էր։ Նա գլուխը քարշ էր գցել իր ծնկների վրա և ձեռքով բռնել էր իր աչքերը. լաց էր լինում, և ես լսում էի նրա ցավալի հեկեկանքը։ Ինչո՞ւ էր լաց լինում նա, ո՞ւմ համար էր լաց լինում, ինչո՞ւ միշտ լաց էր լինում նա այն ժամանակ, երբ նրա հայրն ինձ ծեծում էր կամ գետնի վրա չոքեցնում էր, իսկ մյուս ժամանակներում միշտ ուրախ էր։ Խե՜ղճ աղջիկ, ո՛րքան լաց կլինես դու, եթե հիմա՛, հիմա՝ տեսնես ինձ․․․
...Այս կիսաքուն, կիսաարթուն երազների մեջ էի ես, հանկարծ լսելի եղավ մի սաստիկ դղրդոց. որպես թե մի ծանր բան վայր ընկավ գետին։ Աչքս բաց արի, տեսնեմ՝ իմ մահճի մոտ կանգնած էր վիթխարի Մըհեն և ինքն իրան մրթմրթում էր.
— Հազար անգամ ասել եմ, էսպիսի հիմար բաներ մի տվեք իմ ձեոքը. ինքը սատանան կմոլորի, էնքան թեթև է, հենց շունչ ես քաշում, թռչում է ձեռքիցդ։
Վայր ընկած բանը փոքրիկ փայտյա մատուցարանն էր, որի վրա Մըհեն ինձ համար նախաճաշիկ էր բերում. նրա կարծիքով, յուր կոպիտ ձեռքերի համար անպատճառ մեկ ծանր բան պետք է