Շնիկը ճանաչեց նրան, սկսավ ներողություն խնդրել, մի քանի անգամ պտույտ գալով օրիորդի շուրջը և քսքսվելով նրա փեշերին։ Աղջիկը մտավ լվացարարի տունը։ Կեկելը նույն ժամուն ութո էր քաշում։
— Եկա մնաք բարով ասելու, Կեկել ջան,— ասաց օրիորդը, ընկնելով նրա գիրկը։
Կեկելը շփոթվեցավ, նա հազիվ կարողացավ ճանաչել, որ յուր գրկումը Մարիամն էր։
— Ես գնում եմ, Կեկել ջան։
— Ո՞ւր,— հարցրուց լվացարարը զարմանալով։
— Չեմ գիտում... մերս ինձ մարդի տվեց։
— Ո՞ւմ տվեց։
— Չեմ գիտում, Կեկել ջան, տե՛ս էս շորերը, էս շլյապեն, էս քորոցը, էս բրասլենտները... էս ամենն իմ մարդն է ուղարկել,— ցույց տվեց Մարիամը ուրախ ժպիտն երեսին։
Կեկելի գույնը շուտ-շուտ փոխվում էր, նա չէր կարողանում հավատալ յուր ականջներին։
— Դու տեսա՞ր էն մարդուն։
— Ես չեմ տեսի, Կեկել ջան, բայց էն պառավը, որ էս շորերը բերավ, ասում էր շատ լավ մարդ է։
— Ի՞նչ պառավ։
— Մեկ պառավ էլի՛, նա հիմա մեր տանն է, երկու հարյուր մանեթ էլ փող տվեց մորս։ Էլ Բոշան, էնպես չէ՞, Սեկել ջան, էլ չի կարա մեր տունը ծախել։ Կեկելի զարմանքն ավելի սաստկացավ։
— Դու ճանաչում ե՞ս էն պառավին։
— Չէ՛, Կեկել ջան, մի անգամ ես նրան բաղնիքի ճամփումը տեսա, շատ խոսեց ինձ հետ,— պատասխանեց օրիորդը մտաբերելով անցյալը։— էսօր էլ իրիկնապահին նա ինձ բաղնիք տարավ, լեղցրուց, ֆայտոնով գնացինք, Կեկել ջան, ա՜խ, ի՛նչ լավ էր ֆայտոնը, էնպես սլլում էր... գնում է՜ր ու գնո՜ւմ...
Մարիամն այնպիսի մի ոգևորությամբ արտասանեց վերջին խոսքերը ֆայտոնի մասին, որ նա առաջին անգամն էր նստել, մինչ Կեկելը, չնայելով յուր բոլոր վրդովմունքին, սկսավ ակամա կերպով ծիծաղել։
— Լավ, դու էն ասա՛, աղջի, պսակն ու հարսանիքը ե՞րբ է լինում, — հարցրուց Կեկելը։
Մարիամը շփոթվեցավ, չգիտեր թե ի՞նչ պատասխանե։