նրան, ուր նա, անասունների հետ միասին, բնակվում էր իր ընտանիքով։
Բացի Մըհեից ծերունի որսորդի տան սպասավորների թվում էր պառավ Խաթունը. դեռ նա մանկության ժամանակ, երր նա տասն և հինգ տարեկան էր, Ավոն գնեց նրան ղաջարի սարվազներից, երբ շատ հայ կանանց հետ Խաթունին գերի էր բերում Վասպուրականի կողմերից։ Այնուհետև թեև որսորդը ազատություն շնորհեց նրան և շատ անգամ առաջարկեց դառնալ իր հայրենիքը, բայց Խաթունը չուզեց հեռանալ այն տնից, ուր այնքան սիրում և պատվում էին նրան։ Բացի դրանից, վերջին ժամանակները նա իմացավ, որ հայրենիքում իր ազգականներից և ոչ մեկը չէր մնացել. մեծ մասը նույն գերության դարում սպանվել էին պարսիկներից, մնացածները ոչնչացրել էր խոլերան։
Մարոն դեռ երեխայության ժամանակ որբ մնալով մորից, փոխարինեց նրան բարեսիրտ Խաթունը, որ խնամք էր տանում փոքրիկ աղջկան մայրական բոլոր գթասրտությամբ։ Բայց գտնվելով ավելի հոր ազդեցության տակ, Խաթունի աշակերտուհին չընդունեց նրա դաստիարակության այն հոգին, որ ուներ ավելի ջերմեռանդ և կրոնական բնավորություն։ «Ես որսորդ եմ, ասում էր Ավոն, իմ աղջիկը եթե որսորդ ևս չլինի, գոնյա պետք է սիրե արյուն և հրացան»։ Այդ պատճառով Մարոյի խիստ վաղ մանկությունից սկսվեցավ նրա և Խաթունի մեջ մի խուլ հակառակություն։ Մարոն շատ անգամ ծիծաղում էր, երբ մոլեռանդ Խաթունը իր ձեռքն ընկած բոլոր փողերը հավաքում էր և տերտերներին էր տալիս, և բացի պարտադիր պասերը, ավելորդ պասեր էր պահում, և սուրբ Սարգսի շաբաթում երեք օր ոչ ուտում էր և ոչ խմում։ Իր գերությունից հետո, կարծես, մի ծանր ապաշավանք էր նստած նրա խղճմտանքի վրա, որը միշտ աշխատում էր քավել կրոնքի և քահանայի միջնորդությամբ...
Հասոյի կնոջը ես մի քանի անգամ միայն տեսա, այն ևս ծածկված երեսով, իր երկրի սովորությանը հետևելով, նա չխոսեց ինձ հետ և ոչ մի բառ. առհասարակ նա խիստ հազիվ էր երևում, ավելի զբաղված էր իր երեխաներով, որոնց թիվը ընտանիքի մյուս անդամների համեմատությամբ, բազմություն էր կազմում։ Մի բարի բախտով, աղջիկները, դեռ հարս չդարձած, վայելում էին այն արտոնությունր, որ կարող էին երեսները առանց ծածկոցի ման գալ և տղամարդերի հետ խոսել, եթե ոչ, միևնույնր կպատահեր իր և Մարոյի հետ, ինչ որ պատահեց Հասոյի կնոջ վերաբերությամբ։