Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչ որ ավելի աչքի էր ընկնում ծերունի որսորդի դրության մեջ, այն էր, որ նա այժմ չէր երևում այնպես աղքատ, որպես էր Սալմաստում բնակված ժամանակ։ Արոտների մեջ արածում էին ավելի քան հարյուր ոչխար, տասը հատ ընտիր կովեր ամեն օր քշում էին դեպի նախիրը, արորը իր ամբողջ պարագայքով գործում էր սեփական արտերի մեջ, տունը լի էր աստուծո ամեն բարությունով։ Հասոյի խորշոմած ձեռքերը վաստակեցին այս բոլորը։ «Այն ժամանակ միայն մշակը կարող է կուշտ փորով հաց ուտել, երբ նրա քրտինքը թափվում է իր սեփական հողի վրա», այսպես էր խոսում ծերունի որսորդը։

Որսորդ Ավոն, որպես նկատեցի ես, Հաղբակա ժողովրդի կողմից վայելում էր մեծ հարգանք. նա էր միանգամայն այն երկրի խաղության ոգին. նրա մի խոսքը փարատում էր շատ վիճելի երկպառակություններ գյուղացիների մեջ։ Նրա վրա նայում էին գյուղացիները, որպես իրանց նահապետի կամ պատրիարքի վրա։ Թեև Ավոն այժմ պաշտոնապես ստացել էր «միր» տիտղոսը և համարվում էր տեղային հայերի գլուխ կամ ներկայացուցիչ, և շեյխերի մեջլիսում ծնկի տեղ ուներ, ասյուամենայնիվ, նա չէր թողել իր պարզ, անփառասեր հարաբերության ձևը հասարակ ժողովրդի հետ։ Նա իր վարվեցողության մեջ ոչ մի բանով չէր ցույց տալիս, թե ինքը պաշտոնական մարդ է, թե նա մի բանով բարձր է, քան հասարակ ամբոխը, այլ նայում էր ժողովրդին որպես գերդաստանի հայրը իր ընտանիքին։ Նա մինչև անգամ չէր թողել իր հին սովորությունները, իր հին պարապմունքը. շաբաթը մի քանի անգամ, հրացանը ուսից քարշ գցած, նա կերթար որսորդության. և այդ անում էր նա ոչ թե զվարճության համար, այլ իր սիրելի արհեստը պատվելու համար։

Ավոն այս երկրում ևս գաղթական էր, որպես Սալմաստում․ ի՞նչու էր թողել իր բնիկ հայրենիքը, կամ ո՞ր տեղացի էր նա,— այդ մի գաղտնիք էր, որ սաստիկ կերպով պահվում էր նրա ընտանիքի մեջ։ Բայց շատ անգամ ծերունի որսորդի թավամազ հոնքերը խոժոռվում էին, շատ անգամ նրա բարի դեմքը պատում էր տխրության մռայլը, երբ հարցնում էին նրա անցյալից, երբ խոսք էր բացվում նրա հայրենիքի մասին։ Երևում էր, նրա անցյալը թողել էր խիստ տխուր հիշողություններ, որոնց մտաբերելը ոչ միայն անախորժ էր թվում, այլ մինչև անգամ սարսափ էր ազդում այդ անբախտ մարդու վշտահար սրտին․․․