ետևում, որոնք բարձր կանգնած էին կիրճի վրա։ Կռիվը տևում է կես ժամ։ Ավազակները դեռ չեն կամենում անձնատուր լինել։
— Տղերք,— ասում է Կարոն,— պետք է մի փոքր ճանկռտեի դրանց։
Եվ սկսում են այնուհետև իրանց գնդակները դիպցնել մեկի ձեռքին, մյուսի ոտին, երրորդի ականջին, մի խոսքով, մարմնի այն մասերին, որոնց վերքը մահացուցիչ չէր կարող լիներ։
Ավազակները ստիպվում են թողնել ավարը։
Կարոն հայտնում է՝ թե նրանք պետք է թողնեն իրանց ձիերից չորսը, որովհետև ինքն իր ընկերների հետ ոտով եկած են և բավականին հոգնած են, և թե, ոչխարներն իրանց տերերին հասցնելեն հետո, ինքը Կարոն խոստանում է ետ դարձնել նրանց ձիերը, որոնց կգտնեն այնինչ տեղում, որ նշանակում է Կարոն։ Ավազակները հոժարվում են և այդ առաջարկությանը։
Այնուհետև Կարոն հայտնում է՝ թե ավազակները պետք է այնքան ժամանակ մնան կիրճի մեջ, մինչև իր ընկերները հոտերը կդարձնեին և բավականին կհեռացնեին այնտեղից։ Ավազակներն ընդունում են և վերջին պայմանը։
Կարոն ծերունի որսորդի հետ մնում են պահելու կիրճի ելքը, իսկ Ասլանը Սագոյի հետ հեծնում են ավազակների թողած ձիաները և դարձնում են հոտերը։ Երբ նրանք բավականին հեռացած են լինում, Կարոն բաց է թողնում ավազակներին։
Հոտերը հասցնում են գյուղը այն ժամանակ, երբ բոլորովին մթնած է լինում։ Գյուղացիք անպատմելի ուրախությամբ վազում են նրանց առաջ և զանազան օրհնություններով հայտնում են իրանց շնորհակալությունը։ Կնիկները համբուրում են նրանց զենքերը, ասելով.
— Ձեր ոտերի հողը թո՛ղ մեր տղամարդերի գլխի՜ն լինի..․
Որքան խնդրում են, որ տղերքը այն գիշերը մնան գյուղում, հյուր լինեն, նրանք չեն ընդունում, միայն Կարոն պատվիրում է, որ առավոտյան իրանց նստած ձիերը տանեն և կապեն այնինչ տեղում, որովհետև ձիերը պատկանում են ավազակներին։
Ավարտելով իր պատմությունը, ծերունի որսորդը ավելացրուց․
— Տեսնո՞ւմ ես, որդի, «մարդ կա, որ հազար մարդու արժե․ հազար մարդ կա, որ մի մարդ չարժե»։ Կարոն, Ասլանը և Սագոն էլ մարդիկ են, այն գյուղացիքն էլ մարդիկ են։ Բայց ի՞նչպես։ Երկուսի մեջ այնքան զանազանություն կա, որքան առյուծի և կատվի մեջ։ Հայ գյուղացին մի քուրդ տեսնելիս փախչում է, իր տունն է մտնում, դռները փակում է, որ գոնյա իր գլուխն ազատե. ապրանքը