Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թողնում է դրսում, թշնամին թալանում ու տանում է։ Իսկ Կարոն իր երկու ընկերների հետ ապրանքը ետ են խլում։ Այղ ինչի՞ց է։ Չէ՞ որ երկուսն էլ մի հոր զավակներ են. չէ՞ որ երկուսի դամարներումը միևնույն արյունն է վազում։

— Ասում են, այստեղ մեղավոր է ստրկությունը,— առաջ տարավ որսորդը։— Ո՞վ կարող է մարդից խլել նրա ազատությունը, ո՞վ կարող է ստրկացնել նրան, եթե ինքը, մարդը, ցանկություն չունի, եթե նա չէ պատրաստել իրան մի այսպիսի անբախտ վիճակի համար։ Մարդն ինքն է թույլ տալիս ուրիշներին նստել իր շլինքի վրա։ Եվ այդ շատ ձեռնտու է բռնավորի համար․ նա էլ այդ է ցանկանում։ Այո՛, մարդն ինքն է պատրաստում իր համար ստրկությունը, և նրա արմատը դրած է ընտանիքի մեջ։ Այն օրից, երբ երեխան աչք է բացում, նրա ձեռքը, ոտքը կապում են և դնում օրորոցի մեջ,— այդ ստրկության սկիզբն է։ Առաջին խոսքերը, որ մայրը խառնում է օրորոցի երգերի մեջ, լինում են հոգին թուլացնող, եռանդը մաշող, կամքը և միտքը սպանող, և նախապաշարմունքներով լի խոսքեր,— դա ստրկության առաջին դասն է։ Հետո մեծանում է մանուկը, նա միշտ ընդունում է ծնողների ապտակը, միշտ զգում է նրանց կոպիտ վարմունքը, միշտ լսում է նրանցից սպառնալիք, սարսափեցնող, բթամտացնող և մանուկի ուժը, զորությունը խլող խոսքեր։ Դպրոցի մասին ես չեմ խոսում, որովհետև այդ դու ինքդ փորձել ես, սիրելի որդի։ Բայց ավելի քան դպրոցը, մեծ չարիք է գործում քահանան, այն ևս աստուծո անունով։ Ի՞նչ մեղ ունի խեղճ գյուղացին, նրան սովորեցնում են լինել ստրուկ։ Նա ամեն օր տերտերից այդ խոսքերն է լսում՝ «ով որ քեզ կծեծե, դու նրան խոնարհություն արա, ով որ քո վերարկուն կխլե, դուն շապիկդ էլ տուր․ եթե ձախ երեսիդ զարկեն, աջն էլ դարձրու, ամենևին սուր չբանեցնես, որովհետև սուր բարձրացնողը սրով կմեռնի, դրա համար էլ մեր տերը Պետրոսի ձեռքից սուրը խլեց»։ Ո՞վ է իմանում, հազար ու մեկ այսպիսի հիմարություններով լցնում են խեղճ մարդու գլուխը, և նա դառնում է ոչ թե մարդ, այլ «կույր հավ», որպես քուրդն է ասում։

— Իսկ մեր կարդացվորներն այդ հիմարությունները կոչում ես կրթություն, դաստիարակություն...

— Բայց քուրդը, պարսիկը, թուրքը, որոնք մեր հացը մեր ձեռքից խլում են, որոնք մեր արյունը ծծում են, նրանք բոլորովին ուրիշ եղանակով են դաստիարակվում։ Ընտանիքի մեջ աճում, զարգանում են նրանք, ինչպես վայրենի ծառը մայր հողի վրա արմատ է