Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/358

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գցում, ազատ, արձակ ճյուղեր է բարձրացնում, և ոչինչ չէ ճնշում, ոչինչ չէ նվազեցնում նրա աճելությունը։ Դպրոցի մեջ նրանք կարդացած գրքերը մեր Այսմավուրքը և Նարեկը չեն. նրանք սովորում են իրանց ազգի հերոսների պատմությունը, ոգևորվում են իրանց բանաստեղծություններով, որը մեծ մասամբ նվիրված է զանազան հսկաների, փեհլեվանների քաջագործություններին։ Նրանց կրոնքը և կրոնական գրքերը մինչև անգամ բանաստեղծություն են, որոնց մեջ շնչում է պատերազմական ոգին։ Որովհետև սկսյալ Մուհամմեդից մինչև խալիֆաները, իմամները և այլն,— բոլորը պատերազմող մարդիկ էին։ Լսի՛ր, ի՞նչ է քարոզում մահմեդականի մոլլան՝ «ով որ քեզ կծեծե, դու էլ նրան ծեծիր. նա, որ քեզանից չէ, նրա ապրանքը քեզ հալալ է, կռիվ տո՛ւր թշնամուդ հետ, այն կռվի մեջ թե սպանես, դրախտը կերթաս, թե սպանվես, դարձյալ դրախտը կերթաս»։— Բոլորովին հակառակն է խոսում նա, ինչ որ ասում է հայի տերտերը մեզ։

— Մուհամմեդը տվեց իր ժողովրդին սուր, բայց Քրիստո՛ս—խաչը․ ահա զանազանությունը մեր և մահմեդականների մեջ։

— Արյուն թափելը, ուրիշի ապրանք խլելը՝ վատ բաներ են. բայց շատ հաճելի էլ չէ, որ մարդ թույլ տա իր արյունը թափեն, իր ապրանքը խլեն, իր զավակները հացից զրկեն։ Ամբողջ աշխարհը մեկ կռվի դաշտ է, ուր զորեղն անզորին կլանում է, ոչնչացնում է. թե ուզում ես ուրիշի կերակուր չդառնաս, պետք է քո գլուխը պահելու ճարը գիտենաս։ Մի՞թե գայլի հետ կարելի է գառն դառնալ.— գազանի հետ պետք է գազան լինել, որ կարողանաս գլուխդ պահել։ Շունը, որ շուն է, երբ նրան փոքր֊ինչ նեղացնում ես, կծում է։ Կատուն, որ կատու է, թե նեղացնես, կճանկռտե, նրա համար, որ նրանց հայրն ու մայրը, նրանց վարժապետները չեն սովորեցրել համբերել․․․

Բայց մեր գյուղացիներին այսքան նեղացնում են, կաշին մաշում են, հոգին հանում են, նրանք դարձյալ համբերում են, որովհետև երեխայությունից սովորել են համբերել...

— Բայց Կարոն և իր ընկերներն ուրիշ տեսակ մարդիկ են, իստակ այնպիսի մարդիկ, որպես պետք է լինի մարդը։ Նրանք հորից և մորից որբ են մնացել, այդ պատճառով ընտանիքը չէ փչացրել նրանց։ Քահանա-վարժապետից շուտ հեռացան, և դպրոցը չկարողացավ բոլորովին մեռցնել նրանց մեջ մանկության կենդանությունը։ Ընկնելով այլ շրջանի մեջ, օրինավոր մարդկանց ազդեցության տակ, տարուբերվելով աշխարհի փոթորիկների մեջ,