Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք ստացան բոլորովին այլ բնավորություն։ Եթե հայոց զավակների գոնյա մի փոքր մասը այնպես լիներ, որպես Կարոն և նրա ընկերները, այդ ազգը շատ բախտավոր կլիներ․․․․․

— Հայերը այս երկրի ազգաբնակչության մեջ բազմություն են կազմում․ բայց քուրդը, որ ավելի սակավ է թվով, տուն֊տեղ չունեցող, թափառական քուրդը տիրում է հային, նրա վրա աղայություն է անում։ Ի՞նչ է պատճառը,— այն, որ քուրդը կենդանի մարդ է, իսկ հայը մեռած։ Բանը շատության ու քչության մեջը չէ, գլխավոր բանը սրտի մեջն է. ի՞նչ կարող է շինել մի մարդ, երբ որ սիրտ չունի։ Այսօր ես իմ աչքով տեսա, թե որպես երեք հոգի հայ տղերք կռվեցան ավելի քան հիսուն ձիավորի հետ. բայց ես այն ավազակներին ճանաչում եմ, նրանց գլխավորը Մուրադ բեկն էր, որ իր խումբով մի ամբողջ երկիր կարող է թալանել։

— Հիմա լսիր, որդի,— ծերունի որսորդը խոսքը դարձրուց դեպի ինձ․— թե ուզում ես այս աշխարհում ապրել, պետք է գայլի հետ գայլ դառնաս․ գառան հետ՝ գառն․ գլուխդ մի՛ խոնարհեցրու, թե չէ, ծեծողներ շատ կգտնվեն, ողորմած եղիր դեպի քեզանից տկարները, բայց թշնամուդ մի՛ խնայիր. սրբիր անբախտի արտասուքը, մխիթարե նրան, եթե այդ կպահանջեր մինչև անգամ քո կյանքը, քո արյունը։

Ծերունի որսորդի այս երկար քարոզի միջոցին ես ոչ այնքան լսում էի նրա խոսքերը, որքան նայում էի Մարոյի վրա. իմ բոլոր ուշադրությունը գրավել էր նրա երեսը իր շարժուն և զգայուն բացատրություններով։ Հոր խոսքերը, երևում էր, թափանցում էին նրա սրտի խորքի մեջ, որպես բարեբեր սերմը պատրաստված հողի մեջ։ Նրա աչքերն ավելի և ավելի վառվում էին, բարակ շրթունքները դողում էին. թշերի կարմրությունը բոլորովին թռավ, մնաց միայն մուգ-դեղնությունը, որ տալիս էր նրա դեմքին պղնձի գույն։ Ի՞նչ էր, որ այնպես վրդովեց կիսավայրենի աղջկա սիրտը։ Մի՞թե նրան ևս տանջում էր հայի թշվառությունը....․

ԻԵ

Ի՞ՆՉ է ՔՈՒՐԴԸ ԵՎ Ի՞ՆՉ է ԹՈՒՐՔԸ

Ծերունի որսորդի վարդապետությունը որքան և անմարդասիրական լիներ, որքան և ունենար վայրենի, անխաղաղասեր բնավորություն, դարձյալ նա մի բողոք էր իր ժամանակի