— Չեմ գիտում, էս գիշեր ինձ տանում են, — ասաց նա միամիտ կերպով։
— Հետո դու էն մարդին պետք է սիրե՞ս։
— Բաս չի՞ պիտի սիրեմ, Կեկել ջան, ախար էս շորերը նա է ուղարկել։
Կեկելը, չհասկանալով որ բոլորովին պարզամտությամբ ասաց Մարիամն այդ խոսքերը, ընդմիջեց նրան մի փոքր հանդիմանական ձևով.
— Տո՛, ծամ կտրած, դու ախար Նիկոլին էիր սիրում։
— Էլի կսիրեմ, Կեկել ջան, բա՛ս Նիկոլին կմոռանա՞մ,— պատասխանեց օրիորդը խիստ զգալի կերպով։— Քեզ էլ էի սիրում, Կեկել ջան, դու ինձ չէիր ծեծում, քեզ էլ չեմ մոռանա, շուտ-շուտ քեզ մոտ կգամ։
Այդ խոսքերի մեջ կար այնքան պարզություն, որքան մաքուր և անմեղ էր Մարիամի հրեշտակային սիրտը։
— Խե՛ղճ աղջիկ...— ասաց Կեկելն անլսելի ձայնով և երեսը մի կողմ շրջելով սրբեց արտասուքը։
— Հիմա գնանք մեր տուն, Կեկել ջան, էն տեղից դու ինձ ճանապարհ կդնես,— աղաչում էր Մարիամը։
— Չէ՛, Մարիամ, ես չեմ գա, ես չեմ ուզում տեսնել էն պառավի երեսը...
— Նա շատ լա՛վ կնիկ է, Կեկել ջան, էնպես լա՛վ խոսում էր որ․․․
— Ի՞նչ էր խոսում։
— Մերս չէր ուզում ինձ էն մարդին տա, հենց լաց էր ըլում ու լաց ըլում... Կեկել ջան, ի՞նչու էր լաց ըլում։
— Չեմ գիտում։ Ասա՛, ինչ էր խոսում։
— Ինձ հանեցին դուրս, ես չլսեցի ինչ խոսեցին․ հետո մերս կանչեց ինձ յուր մոտ, ասաց՝ «էդ կնիկն ինչ որ ասե, դրան ականջ դի՛ր»։ Ես տեսա էն վախտն էլ նրա աչքերումն արտասուք կար։
Կեկելը ղրկեց օրիորդին և երկար նրան ճնշած ուներ յուր կուրծքի վրա․ նա չէր կարողանում բաժանվել այն աղջկանից, որին այնքան սիրում էր։
— Դու էլ լաց ես ըլում, Կեկել ջան, ի՞նչու ես լաց ըլում, հարցնում էր Մարիամը տխրությամբ։ Մի՛ լաց ըլի, ես չեմ գնա էն մարդի մոտ, էլի քեզ մոտ կմնամ, քեզ համար ութո կքաշեմ, բաղնիքը լվացք կտանեմ։