բարբարոսության և հարստահարության դեմ։ Մի մարդ, որպես էր ծերունի որսորդը, բռնության կոպիտ ձեռքից այնքան դառն հարվածներ կրած մարդ, չէր կարող այլապես մտածել։ Ինքը կյանքը, իրան շրջապատող հանգամանքները մտցրել էին նրա մեջ այն սարսափելի վրեժխնդրությունը դեպի ամեն անարդարություն, որ խլում է խաղաղասեր երկրագործի բարին, որ զրկում է նրան օրական ապրուստից, և մինչև անգամ սրբապղծում է նրա ընտանեկան պատիվը։
Ծերունի որսորդի տնակը կանգնած էր այն լեռնագոտիի վրա, որ կազմում էր բնական սահման, բաժանելով Տաճկաստանը Պարսկաստանից։ Յուրաքանչյուր բաժինը պարունակում էր իր մեջ երկրի ընդարձակ տարածություն, բնակեցրած մեծ մասամբ հայերով։ Պարսկաստանի մասնում գտնվում էր Ատրպատական նահանգը իր զանազան գավառներով. իսկ Տաճկաստանի մասնում՝ Վասպուրականի, Տարոնի և Արզրումի նահանգներն իրանց գավառներով։ Ես կգրեմ յուրաքանչյուրի մասին որքան հիշում եմ, որքան վերաբերում է իմ պատմությանը։
Սարսափելի՜ էին այն ժամանկները․․․․․
Այդ այն ժամանակն էր, երբ Տարոնը և Վասպուրականը թեև Տաճկաստանի մի մասն էին կազմում, բայց քրդերի զանազան ցեղերը, օգուտ քաղելով սուլթանի պետության թուլությունից, տիրում էին Հայաստանի այդ երկու ամենամեծ նահանգներին, սկսյալ Սև ծովի հարավա-արևելյան եզերքից, Եփրատ գետից, մինչև Միջագետքի և Պարսկաստանի սահմանները։
Հիշյալ նահանգները պարունակում էին նրանց մեջ հետևյալ գավառները՝ Հաքարի, Բայազեդ, Հաղբակ, Վան, Բաղեշ (Բիթլիս), Մուշ, Շատախ, Սասուն, Խիզան, Մոգաց երկիր, Չարսանջակ, Քեղու և այլն— այդ գավառներին տիրում էին քրդերը։
Մնացյալ ազգաբնակչությունները, բացի քրդերից, էին՝ հայեր, ասորիներ, հրեաներ, թուրքեր, եզիդիներ, և զանազան թափառաշրջիկ ցեղեր։ Հայերն իրանց թվով բազմություն էին կազմում և, համարյա, բաղկացնում էին ամբողջ ազգաբնակչության կեսից ավելի մասը։
Որպեսզի գիտենալ, թե ինչ դրության մեջ էին այն ժամանակ հայերը, պետք է նախ ծանոթանալ տիրող ազգի՝ քրդերի բնավորության և նրանց քաղաքական կազմակերպության հետ։
Քրդերը բաժանված էին զանազան ցեղերի, որոնց գլուխներն էին՝ Մուքուրի, Թակուրի, Միլանցի, Հայտարանլի, Շավի, Ջալալի,