Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ռավանդ, Բիլբաստ, Մամըքանի, Հարթոշի, Շիկակ, Լարքի, Եզիդի։ Դրանք շատ քիչ էին զանազանվում հատկություններով և սովորությունով․ խոսում էին մեդական լեզվով, որ յուրաքանչյուր ցեղի մեջ որոշվում էր բարբառների առանձնահատկությամբ։ Կրոնով մահմեդական էին՝ սուննի աղանդից։ Եզիդիները միայն բաժանված էին կրոնով, որոնք պաշտում էին չար և բարի ոգիները, երկրպագություն էին տալիս տնային օջախին։ Դրանք գուցե մնացորդներ էին Արամազդի և Արհմնի հին երկրպագուներից, որոնց մեջ մինչև այսօր երևում են մոգական ծեսեր։

Քրդերը չունեին գիր և գրականություն, շեյխերը (դենպետները) միայն գիտեին արաբերեն կարդալ, որով ավանդում էին ժողովրդին իրանց կրոնի հրահանգները, որոնք բովանդակվում էին մի քանի պարզ և թեթև, արտաքին ծիսակատարությունների մեջ։ Միակ բանը, որ գիտեր ամեն քուրդ իր հավատքի հանգանակից, էր նամազը, որը նա մեքենաբար և ճիշտ կերպով կատարում էր նշանակյալ ժամերում, առանց հասկանալու, թե ինչ էին նշանակում իր այնքան ջերմեռանդությամբ արտասանած արաբական բառերը։ Բացի դրանից, քուրդը գիտեր մեծ մարգարեի—Մուհամմեդի անունը, և նրա նախկին խալիֆաների՝ Օմարի, Օսմանի, Արու-Բաքիրի անունները և ավելի ոչինչ։

Բայց ժողովրդական անգիր բանաստեղծությունը կենդանի էր քրդերի մեջ. նա ծագելով ամբոխի իսկական կյանքից, ուներ նույն բնավորությունը և ոգին, որով ապրում էր ինքը ամբոխը։ Հովվերգությունը և քաջազնական հանգերգությունը գլխավոր տեղն էին բռնում նրանց բանաստեղծության մեջ, առաջինը, որպես մի խաշնարած ցեղի կյանքի առշնչություն, երկրորդը, որպես նրա պատերազմական ոգու արտահայտություն։ Հովվական երգերը տխուր էին և մելամաղձոտ, նրանք խիստ մեղմ կերպով ներդաշնակվում էին հովիվի սրինգի խուլ և ձգական հնչյունների հետ։ Իսկ պատերազմական երգերը կրակոտ, վառվռուն և խրոխտ էին, նրանք լիահնչյուն համարձակությամբ որոտում էին թմբուկների ձայնի հետ։

Ոչ մի նշանավոր երևույթ չէր կորցնում իր հետքը քուրդի կյանքի մեջ. ժողովրդական ոգին իր տաղերով կամ փառաբանում էր մեկի քաջագործությունը, կամ պարսավում էր մյուսի թուլասրտությունը։ Ծածկվեցավ մեկը թշնամուց կամ խույս տվեց նա կռվի դաշտից, մյուս օր կանայքը և աղջիկները հորինում էին նրա մասին