զանազան կծու պարսավներ, և երգը արագ թռչում էր ամեն երեխայի, ամեն չափահասի բերանից։
Թուրը, մի ջուխտ ատրճանակ, վահանը և նիզակը քրդի մարմնի անդամներն են, որոնք միշտ մնում են նրանից անբաժան, հրացանը նա գործ է ածում մեծ կռիվների մեջ։ Թամքած ձին, որ միշտ պատրաստ է նրա չադրի առջև, քրդի հավատարիմ ընկերն է․ նրան սիրում է տերը ավելի, քան իր կնոջից, ավելի, քան իր որդիներից։ Քուրդը իր չադրի մեջ հյուրասեր էր որպես Աբրահամ, բայց նա չի խնայելու կողոպտել նույն հյուրին, եթե նա կհանդիպեր մեկ մղոն հեռու իր չադրից։ Արյան վրեժխնդրությունը, որպես ամեն կիսավայրենի ցեղերի մեջ, նույնպես քրդի մեջ, անցնում է սերունդից սերունդ։ Սպանվածը հանգիստ չէ իր գերեզմանի մեջ, քանի որ նրա արյան փոխարենը չէր առնվել սպանողից կամ նրա մոտ ազգականներից։ Սպանողը այն ժամանակ միայն ազատ է մնում վրեժխնդրությունից, երբ գնում էր իր ոսոխի տունը, իր սուրը գցում է նրա ոտքի տակ և ներողություն է խնդրում։ Բայց հազիվ կգտնվեր մի քուրդ, որ խոնարհվեր մինչ այն աստիճան ստորության։ Քուրդը քինախնդիր է և ոխերիմ․ նա մինչև մահ չէ մոռանում վիրավորանքը կամ անպատվությունը, քանի որ դեռ լիակատար բավականություն չէր ստացել։ Նա միևնույն ժամանակ շատ հանգամանքներում— հպարտ է և ազնիվ։ Քուրդը դադարեցնում է իր կռիվը, երբ հակառակ կողմից միջամտություն են գործում կանայք։ նա իրան չէ ստորացնում, պատերազմելով իրանից թույլ արարածների հետ. թեև քրդի կինը կռվի ասպարեզում նույնքան կատաղի է և քաջասիրտ, որքան իր ամուսինը։
Կրկին անգամ ամուսնանալը, մեռած կամ սպանված տղամարդից հետո, քուրդ կնոջ համար համարվում է նախատինք։ Նա մնում է միշտ այրի, մխիթարում է իրան այն քաղցր հիշողություններով, թե իր այրը մի «լավ ավազակ» էր, թե նա մնաց միշտ մաքուր երկչոտության արատից, թե նա երբեք իր թիկունքը չդարձրուց թշնամու դեմ, թե նա սիրում էր իր ամուսնին, որքան սիրում էր իր արաբական նժույգին, և երբեք նրա սիրտը չգրավեց ամենագեղեցիկը իր ցեղի աղջիկներից։ Եվ մայրն երեխայությունից պատմում էր իր զավակներին հոր գործքերը, խրատում էր հետևող լինել նրան և կրկին բարձրացնել հանգուցյալի հիշատակը խոր գերեզմանից։
Մանկությունից քուրդը կրթվում է ձիան սանձ կառավարելու, զենք գործածելու, մարմնամարզության և այլ ճարպկությունների