Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարաբերությունների մեջ քուրդը գործ չէ դնում իր սուրը և մարմնական ուժը, որ նրա մեջ շատ զարգացած են, այլ նա բանեցնում է իր հմտությունը և խելքը, ոոոնք նրա մեջ խիստ թույլ են։

Քուրդը խաբեբա չէ․ նա հավատարիմ է իր խոստմունքը կատարելու մեջ։ նա մնում է միշտ ճիշտ իր պարտքը վճարելու մեջ։ Վճարել այն, ինչ որ պարտքով էր առած, և կողոպտել ուրիշի սեփականությունը— երկուսն էլ միօրինակ սուրբ են նրա համար։ Առաջինի մեջ նա պահպանում է իր պատիվը և խոսքը, իսկ երկրորդի մեջ՝ իրավունքը և արդարությունը։ Որովհետև քրդի համար ոչինչ ընդդեմ չէ իրավունքի և արդարության, երբ նա սեփականացուցած էր սրի և հաղթության ուժով։ Սուրը և հաղթությունը արդարության կշիռն է նրա և իր հակառակորդի մեջ։

Այսպես է վարվում ամեն մի ավազակ. այսպես է վարվում ամեն մի հասարակություն, որ նույն բնավորությունն ունի. այսպես է վարվում մի ամբողջ պետություն, որ ավազակի դեր է խաղում...

Այսքանը բավական համարելով քրդի բնավորության և ընտանեկան կենցաղավարության մասին, դառնանք այժմ դեպի նրա քաղաքական կյանքի կազմակերպությունը։

Քրդերի ցեղերը կառավարվում էին իրանց էլ-աղասիների (ցեղապետների) և շեյխերի (դենպետների) գլխավորությամբ։

Ցեղապետը, որ կոչվում է «միր» (տեր), չէ նշանակվում ընտրողական սկիզբներով. նա, որպես ցեղի նահապետը, սերունդից սերունդ, տիրում է ժառանգաբար։ Ամբողջ ցեղը հպատակվում է նրա իշխանությանը խոնարհ, որդիական հնազանդությամբ. նրա սուրը, նրա ձեռքը, նրա կյանքը միշտ պատրաստ են ծառայելու պետի կամքին և հաճույքին, որքան և չար կամ բարբարոսական լինեին նրանք։ Ցեղապետն է վճռում իր ժողովրդի վեճերը, նա է բաժանում ավարը հափշտակողների մեջ, նա է առաջնորդում իր ցեղին կռվի ժամանակ, նա է ուղարկում խումբերը ավարառության համար։ Ցեղապետը ամեն առավոտ իր չադրի մեջ նըստած, ընդունում է ցեղի նշանավոր տղամարդերին, որոնք իրանց զինվորական ամբողջ կազմվածքով, ներկայանում են նրան, լսելու պետի պատվերները։ Այնտեղ ծխում են հյուրասիրության չիբուխը, խմում են մի-մի ֆինջան դառն ղահվե։ Մի այսպիսի «սալամը» կատարվում է ամեն առավոտ իր բոլոր ճշտությամբ։

Իսկ շեյխերը նշանակվում են գլխավոր դենպետից. նրանք ունեն իրանց մուֆթիները և ղազիները։ Շեյխերը կատարում են ցեղի կրոնական պահանջները, որպիսի են՝ ամուսնություն, թլպատության