Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և հրապարակական նամազ։ Իսկ կռիվների մեջ նրանք մասնակցում են որպես զինվոր, բայց ավարառությանց մեջ՝ որպես ավազակապետ։ Այսուամենայնիվ նրանք վայելում են ցեղի համակրությունը նույն չափով, որքան ջերմ էր կրոնական զգացմունքը մի պարզ և կիսավայրենի ժողովրդի մեջ, որպես էր քուրդը։

Տարոնի և Վասպուրականի ամբողջ նահանգները բաժանված էին քրդերի զանազան ցեղերի մեջ։ Իսկ յուրաքանչյուր ցեղի մեջ երկրի բաժանմունքը ամենախոշոր մասներից հասնում էր իր ամենափոքր մանրերորդին։ Այսինքն, սկսյալ մի գավառից, մի փոքրիկ վիճակից և մինչև անգամ մի գյուղից և մի ընտանիքից, յուրաքանչյուր առանձին-առանձին տերեր ունեին, և յուրաքանչյուր բաժինը հավասարվում էր տիրողի զորության բարձր կամ ստոր աստիճաններին։

Ռայան— հպատակը, վճարում էր այլևայլ հարկեր հողի մշակության համար, իր անասունների համար, իր արհեստի համար, իր բնակության տեղի համար, իր գլխի համար, մի խոսքով, ամեն բանի համար, որ վերաբերում էին նրա կյանքի և ապրուստի անհրաժեշտություններին։ Հարկերի չափը և նրանց քանակությունը ոչ կշիռ ունեին և ոչ սահման, դա կախված էր առնողի խղճմտանքից։ Ռայայի տեր լինելու և հարկեր պահանջելու արտոնություն վայելողները կոչվում էին խաֆիր և դարաբեյիններ: Դրանք ցեղի մեջ որևիցե նշանակություն ունեցող ազնվական մարդիկ էին։ Օրինակ, գլխավոր ցեղապետը ունի իր ազգակիցները կամ պաշտոնակալները, նրանց ապրուստի համար տալիս է մի կամ ավելի գյուղեր, որոնց հասույթով պետք է կառավարվեն նրանք, այս֊պիսիները ստանում են խաֆիրության իրավունք։ Նույնիսկ պաշտոնակալները կամ ցեղապետի ազգակիցներն ունեն ծառաներ կամ սպասավորներ. նրանց ռոճիկի փոխարեն տալիս են իրանց ստացած գյուղերից մի կամ շատ ընտանիքներ որպես ծուխ, և այն ծառան վառվում է նույն ընտանիքների հետ, որպես իր սեփականության կամ հպատակների հետ։ Ահա՛ պատճառը, որ երկրի րաժանմունքր, սկսյալ ամենախոշոր կտորներից, հասնում էր մի ընտանիքի։

Որպես իշխանությունը, սկսյալ ցեղապետից, աստիճանաբար իջնում էր մինչև վերջին սպասավորը, նույնպես և սեփականության իրավունքը, սկսյալ երկրի խոշոր կտորներից, հասնում էր նրա ամենափոքր մասին։

Բայց երկիրը աղաների (խաֆիրների) տոհմային կամ կալվածական