Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վասպուրականի և Տարոնի նահանգներում, բացի ներքին խռովությունները քրդերի կողմից, լինում էին հարձակումներ արտաքին թշնամիներից։ Քիչ չէր պատահում, պարսիկներն արշավանքներ էին գործում և բազմաթիվ բախտախնդիր հրոսակներով թափվում էին այն երկրների վրա։ Պատերազմը վերջանում էր կրակով, արյունով, գերևարությամբ և ավարառությամբ։ Այսպիսի դեպքերում վտանգը հասնում էր դարձյալ բնիկ ժողովրդին, որովհետև քրդերը, եթե թշնամուն ընդդիմանալու կարողություն չունեին, թողնում էին երկիրը, քաշվում էին դեպի լեռների անմատչելի տեղերը, և սպասում էին մինչև թշնամու հեռանալը։

Քիչ չէր պատահում, և Օսմանյան պետությունն ուղարկում էր գորքեր խաղաղացնելու իր տերության սահմանագլուխները և նվաճելու ապստամբ քրդերին։ Եվ տաճկի ասկերը վարվում էր նույն բարբարոսությամբ, որպես պարսիկները։ Որովհետև տաճկի տիրա պետելը կամ իսպառ չէր հաջողվում, կամ եթե հաջողվում էր, լինում էր ժամանակավոր, և ասկերը, դատարկաձեռն ետ չդառնալու համար, հափշտակում էր ամեն հանդիպածը։

Ահա՛, այսպիսի դրության մեջ էին այն ժամանակ Արզրումի, Բայազեդի, Հաղբակա, Վանի, Բաղեշի, Մուշի, Շատախու, Սասնո, Խիզանու, Մոգաց, Չարսանջախու, Քեղվա գավառները, իրանց բազմաթիվ հայ բնակիչներով։ Նրանց տիրում էր մի ավազակ ցեղ, որի աջ ձեռքը — իր սուրն էր, որի ոտքերը— իր նժույգն էր, որի տունը—իր թեթև չադրը, որի հայրենիքը—ամեն տեղ, որի հունձքը—թշվառ մարդկությունը, որի օրենքը և իրավունքը—իր կամքը, որի կյանքի նպատակը— փշրել, խորտակել և ոչնչացնել, որի գործող ոգին— իր երկաթի սիրտը, վայրենի կատաղությունը և գազանական հանդգնությունը...

ԻԶ

Ի՞ՆՉ Է ՊԱՐՍԻԿԸ

Այսքանը բավական է Վասպուրականի և Տարոնի մասին, դառնանք այժմ դեպի Ատրպտատականը, այսինքն՝ Պարսկաստանի մասը։

Ես կհիշեմ Ատրպատական նահանգի այն գավառները միայն, ուր հայեր էին բնակվում. դրանք էին՝ Սալմաստ, Խոյ, Մազու, Գունեյիստան,