Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին իրանց տնտեսությանը։ Դա էր գլխավոր պատճառը հայերի, հրեաների և ասորիների աղքատության։

Մոլլաները, բացի իրանց ժողովրդին հոգևոր ուղղություն տալուց, կատարում էին և շարիաթի գործադրությունը, այսինքն, նրանց ձեռքումն էր օրենքը և արդարությունը, որ ավանդել էր ալլահը Մուհամմեդի միջնորդությամբ։ Ամեն գործ, թե քրեական, թե քաղաքական, վճռվում էր նրանց ձեռքով։ Այստեղ ևս այլադավանները զրկվում էին շատ իրավունքներից, որ վայելում էին մահմեդականները։ Օրինակ, մի քրիստոնյա ունե դատաստանական գործ մահմեդականի հետ գործը քննում է մոլլան․ քրիստոնյան իր իրավունքը հաստատելու համար չէր կարող ներկայացնել վկաներ իր հավատակցիներից, որովհետև քրիստոնյայի վկայությունն ընդունելի էր դատարանում այն ժամանակ միայն, երբ նա տված կլիներ հօգուտ մահմեդականի, իսկ ընդդեմ մահմեդականի վկայելու նա իրավունք չուներ։ Այսպիսի դեպքերում պահանջվում էր քրիստոնյայից մահմեդական վկաներ. բայց ոչ մի մահմեդական չէր ցանկանա քրիստոնյայի օգտի մասին վկայել, որովհետև այդ կհամարեր իր համար մեղք։ Ուրեմն թե առաջին և թե վերջին դեպքերում քրիստոնյան զրկվում էր վկաներ ներկայացնելուց, և, իհարկե, տարվում էր գործը, մի այնպիսի դատարանում, ուր գործերը վճռվում էին ըստ մեծի մասին հիմնվելով վկաների ցուցմունքների վրա։

Դատարաններում փաստաբան լինելու իրավունք ունեին միայն մահմեդականները, իսկ մահմեդական փաստաբանը, չէր կարող պաշտպանել քրիստոնյայի գործը, երբ հակառակ կողմը մահմեդական էր։ Քրիստոնյան ստիպված էր ինքը խոսել իր գործի մասին, մի այնպիսի դատարանում, որի օրենքները բոլորովին անծանոթ էին նրան։ Այս դեպքում ևս նա զրկվում էր իր իրավունքը պաշտպանելուց և հետևանքը լինում էր գործի տարվելը։

Ես չեմ ուզում մանրամասնաբար գրել, թե որպես խորամանկ շարիաթը սահմանափակում էր իսլամը չդավանող ազգերի իրավունքները և զրկում էր նրանց բարոյական և նյութական բավականությունից, միայն այն կասեմ, թե որպիսի որոգայթներ էր լարում նա ուրիշ ազգություններից որսալ դեպի մահմեդականություն։ Ածիկներ, տղաներ գողանալ, հափշտակել նրանց և բռնությամբ մահմեդականություն ընդունել տալ,— դա ամենօրյա և սովորական գործ էր։ Բայց կային և այլ հնարներ, որոնք գրավում էին քրիստոնյայի հաճությունը թողնել իր կրոնքը։ Մահմեդականություն