իսկ սուրբ տաճարը, որովհետև ավելի ընդարձակ էր, գործ էին դնում որպես ախոռ ձիաների համար։ Իհարկե, միևնույն ժամանակ կողոպտում էին ինչ որ գտնվում էր տաճարի մեջ։ Շատ անգամ ևս վանքերը և եկեղեցիները ծառայեցնում էին որպես ոչխարների ձմեռանոցներ։ Ի՞նչ հայ կարող էր ընդդիմանալ, ով կարող էր մի խոսք ասել, նրա լեզուն իսկույն կկտրեին։
Քանդված վանքերը, եկեղեցիները կրկին նորոգելու կամ կարկատելու իրավունք չկար։ Շատ անգամ պատահում էր, տաճարի կտուրը ծածկվում էր կամ ճեղքվում էր, ձյունը, անձրևը ցած էր թափվում։ Որմնադիր հրավիրել անկարելի էր։ Վարդապետները, քահանաները, եթե միջոց էին գտնում, շինում էին գաղտնի, այն ևս գիշերով։ Ծա՜նր էր մի այսպիսի հանցանքը, եթե հայտնվեր նա, պատիժը վերջանում էր ամենասարսափելի կերպով։ Նոր վանքեր կամ եկեղեցիներ շինելու թույլտվություն չկար․ այդ կարող էր հաջողվել այն ժամանակ միայն, երբ մի մեծ գումարով քիրստոնյաները կգնեին այս և այն իշխանի հաճությունը։ Իսկ զանգակի ձայն ամենևին չէինք լսում․ զանգահարությունը արգելված էր։
Մահմեդականների հալածասիրությունր ոչ միայն բռնաբարում էր քրիստոնյաների կրոնական ազատությունը, ոչ միայն սրբապղծում էր ամեն ինչ, որ նրանց համար նվիրական և աստվածային էր, այլևս արատավորում էր նրանց ընտանեկան պատիվը։ Ես գիտեմ հարյուրավոր և հազարավոր օրինակներ, թե որպես հայկինը, հայ աղջիկը զոհվում էր մահմեդականի անբարոյական կրքերը։ Ես երբեք չեմ կարող մոռանալ,— այս պատահեց մեր քաղաքում— երբ խանի սպասավորները եկան իրանց տիրոջ համար տանելու մի աղջիկ, հայրն երկար աղաչում էր, որ չխլեն իր աղջիկը։ Երբ հոր արտասուքը չկարողացավ շարժել նրանց գութը, նա առեց մի դանակ, և խրելով իր դստեր կուրծքի մեջ, ասաց՝ «հիմա տարեք այս դիակր»։ Նույն օրը խեղճի տունը հրդեհեցին և ինքը մեռավ բանտի մեջ։ Ես գիտեմ մի օրիորդ, որին խանի որդին դաշտումը հանդիպելով, ասել էր՝ «աղջիկ, ի՛նչ լավ են քո աչքերը»։ Մյուս օրը, երբ եկան նույն աղջկան տանելու խանի որդու համար, գտան երկու աչքով ևս կույր։ Օրիորդն ինքն էր կուրացրել իր աչքերը, գուցե դրանով կարողանա ազատել իր պատիվը։ Իսկ այսպիսի օրիորդ և այնպիսի հայր շատ քիչ էին գտնվում. մեծ մասը ենթարկվում էր կատաղի բռնաբարության... Կորուստը մեծ էր, որովհետև մի անգամ մահմեդականի հարեմխանայում ներս տարած հայ կնոջը էլ այնտեղից դուրս չէին թողնում։ Խանը իր հաճությունը